Բաժիններ՝

ՏՏ ընկերությունները բարձրաձայնում են պետական տենդերների պահանջներին չբավարարելու խնդրի մասին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները դժվարությամբ են մասնակցում պետական ապարատում համակարգերի ներդրման մրցույթներին: Ոլորտի մասնագետներն առաջարկում են գնումների գործընթացում առկա պահանջները մեղմացնել և հնարավոր դարձնել նաև արտասահմանում աշխատանքի փորձ չունեցող, բայց մեծ ներուժ ունեցող ընկերությունների մասնակցությունը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ մեր տեղական ընկերությունները դժվարությամբ են մասնակցում, այսպես ասած՝ պետական ապարատում համակարգերի ներդրման տենդերներին: Ցանկանում ենք բարելավումներ լինեն գնումների ընթացակարգերում, որպեսզի դրսի ընկերությունների փոխարեն Հայաստանի պետական տենդերներին մասնակցեն մեր տեղական ընկերությունները: Շատ պահանջներ է դրվում, օրինակ, ասվում է՝ պետք է մի քանի երկրներում այդ համակարգերը ներդնելու փորձ ունենան: Ընկերությունն ունի լավ փորձ, բոլոր հնարավորությունները մշակելու լավ լուծում, բայց չունի տարբեր երկրներում աշխատանքի փորձ»,-նշեց միության նախագահը: ԻՏՁՄ 18-րդ համագումարի ընթացքում խնդիրը ներկայացվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ալեքսանդր Եսայանը նկատեց, որ մտավոր սեփականության պաշտպանության հարցը ևս խնդրահարույց է, հատկապես խոշոր ներդրումային ծրագրերի ժամանակ: «Դա ներդրումային ոլորտին վերաբերող խնդիր է, շատ ընկերություններ, որոնք ներդրում են կատարում երկրում, առաջին հարցերից մեկը, որ բարձրացնում են, մտավոր սեփականության պաշտպանության մասին է»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս