Brexit-ը 900 ֆունտ ստեռլինգ է նստել Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսության վրա. Անգլիայի բանկ
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսություն մոտավորապես 900 ֆունտ ստեռլինգ (1000 եվրո) է կորցրել Եվրոպական միության (ԵՄ) կազմից երկրի դուրս գալու որոշումից հետո: Այդ մասին հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին:
«Տնային տնտեսությունների իրական եկամուտները 900 ֆունտով ցածր են այն կանխատեսումներից, որոնք արվել էին 2016 թվականի մայիսին, ինչն իրենից փողերի մեծ գումար է ներկայացնում»,-նրա խոսքը մեջբերում է The Guardian թերթը: Քառնին նաեւ նշել է, որ Brexit-ից հետո ՀՆԱ-ի ծավալը 2 տոկոսով պակաս է եղել, քան կանխատեսվում էր հանրաքվեից առաջ:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: