Քաշաթաղում մեկնարկել է բերքահավաքը. Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի շարք համայնքներում, տեղերում ծանոթացել իրականացվող նախագծերի ընթացքին և հետևել բերքահավաքի մեկնարկին։
Պետական նախարարն առաջինն այցելել է Իշխանաձոր համայնք, որտեղ, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ, նախ ծանոթացել է շահագործման փուլում գտնվող «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող 50 առանձնատների շինարարական աշխատանքներին: Ա. Հարությունյանը հանձնարարել է առանձնատները շահագործման հանձնելուն պես զբաղվել վերաբնակեցման հայտ ներկայացրած ընտանիքների տեղափոխմամբ և նրանց զբաղվածության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև տարածք նախապատրաստել նոր առանձնատների կառուցման համար։
Այնուհետև պետնախարարն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից Իշխանաձորում իրականացվող մեկ այլ՝ իր տեսակի մեջ աննախադեպ տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Տեղի բնակչության համար մոտ 70 աշխատատեղ ապահոված տնտեսության վերջնարդյունքը, բացի կատարած աշխատանքի դիմաց տրվելիք աշխատավարձից, կոոպերատիվ տնտեսության սկզբունքով կրկին վերաբաշխվելու է աշխատակիցների և համայնքի բնակիչների միջև: Ա. Հարությունյանը հանդիպել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքի պայմաններով և հանձնարարել տնտեսության պատասխանատուներին համապատասխան բարելավումներ կատարել:
Հաջորդ այցելությունը Իշխանաձորի հարակից դաշտերում սկսված բերքահավաքի վայրն էր, որտեղ Ա. Հարությունյանը հետևել է գարու հնձի մեկնարկին: Շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը պետնախարարին ներկայացրել է բերքի նախնական բարձր արդյունքները: Նա նշել է, որ տարին ընդհանուր առմամբ բարենպաստ է շրջանում ցանված հացահատիկային մշակաբույսերի համար՝ ընդգծելով, որ այս տարվա տաք եղանակային պայմանները նպաստել են, որ նախորդ տարիների համեմատ բերքահավաքը մոտ երկու շաբաթ շուտ սկսվի:
Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում Ա. Հարությունյանը ծանոթացել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ վերջերս վերանորոգված համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի պայմաններին, որտեղ, բացի վարչական մասից, տեղակայված են լինելու նաև բուժկետը, քաղաքի ոստիկանական բաժանմունքը և ակումբը։ Պետնախարարը խոստացել է կարճ ժամանակամիջոցում լուծել նաև կենտրոնի գույքի հարցը: Այնուհետև Միջնավան, ապա նաև Կովսական քաղաքներում պետնախարարն այցելել է վերաբնակեցման նպատակով կառուցվող մի շարք շենք-շինություններ, ծանոթացել կատարվող աշխատանքներին և հանձնարարել է դրանց նոր թափ հաղորդել:
«Վերաբնակեցման քաղաքականությունը գտնվում է իշխանությունների ուշադրության և հոգածության կենտրոնում, և այս առումով մեծ անելիքներ կան: Շարունակե՛ք աշխատանքները նոր թափով, քանի որ առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները մեր հայրենադարձ քաղաքացիներին արդեն ոչ թե նվազագույն, այլ բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար: Այս ուղղությամբ մենք միջոցներ չենք խնայելու»,- ասել է Ա. Հարությունյանը:
Շրջայցի մյուս կանգառը Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայրն էր, որտեղ պետական նախարարը, շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի ուղեկցությամբ, ծանոթացել է տեղում իրականացվող աշխատանքներին: Ա. Հարությունյանը, մասնավորապես, այցելել է հացահատիկային դաշտերը, հետաքրքրվել բերքի սպասվող արդյունքներով, ինչպես նաև եղել է պետական աջակցությամբ հիմնված ջերմոցային տնտեսությունում:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: