Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար է նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը ողջունել է 19 երկրներից Արցախ ժամանած՝ Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերին և ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց յուրաքանչյուր այցը միշտ սպասված է: Արայիկ Հարությունյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ նշելով, որ չկա մի բնակավայր, որտեղ Հիմնադրամի միջոցներով ծրագրեր իրականացված չլինեն:
«Այս օրերին մենք ձեզ հետ միասին կրկին եղանք մի շարք համայնքներում և մասնակցեցինք տարբեր ծրագրերի իրագործմանը: Յուրաքանչյուր նոր կառույցի շահագործմամբ նոր հնարավորություններ ենք ստեղծում բնակիչների համար, նոր կյանք պարգևելով այդ բնակավայրերին: Այդ գործունեությունը նաև յուրօրինակ հայրենասիրական դաստիարակություն է մեր այն սերունդների համար, որոնք սովորում են այդ կառուցված մանկապարտեզներում և դպրոցներում: Այս իմաստով ցանկանում եմ վերահաստատել, որ Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ ձևավորված վերաբերմունքն անգնահատելի է»,- նշել է պետնախարարը:
Շնորհակալություն հայտնելով Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ իր խոսքը ցանկանում է սկսել կարևոր հայտարարությամբ այն մասին, որ ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը խոստացել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Գետավանի դպրոցի կապիտալ վերանորոգման համար:
Արձագանքելով լուրին՝ պետական նախարարն իր երախտագիտությունն է հայտնել հանդիպմանը ներկա բարերարին՝ նշելով, որ հատկապես վերջին տարիներին նրա մասնակցությունն Արցախի կյանքում շատ մեծ է:
«Դուք Ձեր անունն արդեն ոսկե տառերով եք գրել Արցախի պատմության մեջ: Ես հպարտ եմ, որ ունենք Ձեզ պես սրտացավ ու հոգատար հայրենակից: Համոզված եմ՝ Ձեր օրինակը վարակիչ է լինելու շատերի համար»,- ասել է Հարությունյանը:
Իր հերթին բարերարը վերահաստատել է իր աջակցությունը և կոչ արել ողջ հայությանը ավելի ակտիվ ներգրավվել հայրենիքի հզորացման գործին: «Դարեր ի վեր մեր ազգը երազել է պետականություն ունենալ: Այսօր այդ երազանքն իրականություն է, և այժմ Հայաստանում ու Արցախում է վճռվում հայոց ազգի ապագան: Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հայրենիքի զորացմանը, քանզի ամեն ինչ անցողիկ է, մնայուն է միայն հայրենիքը»,- ասել է բարերարը:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: