Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները
Ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:
Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 19-ին կայացած ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ:
ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը»:
Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունն անցկացվել է երեք փուլով՝ ընդգրկելով նաև մարտավարական և բանակային ավիացիա:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ողջունել է ներկաներին, շնորհավորել զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռևս ըստ ուղղությունների ծանոթանում է իրավիճակին, սակայն առաջիկայում հանգամանալից կներկայացնի իր և նոր կառավարության տեսլականը:
Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո գլխավոր շտաբի պետը ներածական խոսքում անդրադարձել է զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին և նշել, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից: Այնուհետև համապարփակ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, ով նշել է, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր տարածաշրջանային հավանական զարգացումներին և զորքերի մարտական խնդիրներին համապատասխանող օպերատիվ-մարտավարական իրադրություն:
Տիրան Խաչատրյանը մանրակրկիտ վերլուծել է զորավարժության առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարևորել է գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաև՝ անծանոթ տեղանքում և իրադրությունում արագ կողմնորոշվելու անձնակազմի ունակությունը: Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը վերհանել է նաև նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում:
Արդյունքների ամփոփման ավարտին պատվոգրերով և նվերներով խրախուսվել են զորավարժության մասնակից մի շարք զինծառայողներ: