
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից զանգահարել են ու պահանջել են դիմում գրել

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ազատվել է աշխատանքից: Արա Իսպիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 16-ին իրեն զանգահարել են ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը` նպատակահարմար չգտա քննարկել, առավել ևս վիճարկել ինձ ներկայացված պահանջը:
Տասը տարի աշխատել եմ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, վերջին մեկ տարում` որպես տնօրեն: ԳԹԿ-ի արհեստավարժ աշխատակազմի հետ պատվով եւ մեծ հաջողությամբ կատարել ենք մեր աշխատանքը, որդեգրել թիմային և թափանցիկ աշխատաձևը, որի շնորհիվ կատարել ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները:
Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԳԹԿ-ի իմ գործընկերներին և բոլոր նրանց, ում հետ այս տարիներին աշխատանքի բերումով անձնապես շփվել ու աշխատել եմ:
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններով աջակցելու ԳԹԿ-ի նոր ղեկավարությանը»,- գրել է Իսպիրյանը: