Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ
Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում: Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից: