«Ապստամբության իրավունքն իրացնողները, երբ մտնում են այդ պրոցեսի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը». Արտակ Զեյնալյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համամի՞տ է, որ դատարանի կողմից սաբոտաժ է իրականացվում նոր կառավարության նկատմամբ, ինչպես պնդում են փաստաբանները։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալները դատարան չեն բերվել՝ «ուղեկցող գումարտակ չլինելու պատճառով»։ Դատարանը պետք է քններ ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

«Ես չեմ լսել այդպիսի կարծիք, չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց Ա.Զեյնալյանը։

«Սասնա ծռերի» փաստաբանների պնդմանն ի պատասխան, թե դատական համակարգը, դատախազն անկախ չեն գործում և շարժվում են նախորդ իշխանությունների թելադրանքով, Ա.Զեյնալյանը նշեց, որ ծանոթ չէ այդ տեսակետին, եթե կա այդպիսին, այն պետք է ներկայացվի դատարանին, որը դրան պետք է անդրադառնա դատական փուլում։

Անդրադառնալով սպասվող համաներման մասին շրջանառվող լուրերին՝ նախարարը պատասխանեց, որ համաներման մասին միշտ է խոսվում. «Իսկ համաներման մասին փաստաթուղթը ճիշտ է, որ լինի գաղտնի։ Դա չի կարող լինել հրապարակային, և դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող տալ ինֆորմացիա։ Քննարկման, նախապատրաստման փաստն ինքնին գաղտնի է»։

Հարցին՝ «Սասնա ծռերի» ազատությունը պահանջողների կողմից փողոցներ փակելն ինքնիրավչությո՞ւն է, նախարարը պատասխանեց. «Խնդիրը պետք է լուծի դատարանը։ Իսկ ընդհանրապես ապստամբության իրավունքն իրացնողները, երբ մտնում են այդ պրոցեսի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս