Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200-300 միլիոն դոլար. Նոյան Սոյակ

Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն այս տարի կազմել է 200-300 միլիոն դոլար:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի համանախագահ Նոյան Սոյակը:

Նրա խոսքով՝ Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհուրդը, որ գործում է 1997 թվականից, նպատակ ունի ծանոթացնել երկու երկրների գործարարներին եւ նպաստել նրանց բիզնեսի զարգացմանը: «Մեր երկու երկրների միջև հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցություն է»,-նշեց Սոյակը:

Նրա խոսքով՝բիզնեսը զարգանալու համար աջակիցների կարիք չունի: «Բիզնեսմեններն ունեն իրենց գործարար կապերը զարգացնելու տարբեր ճանապարհներ»,-հավելեց նա՝ կարևորելով նաև երկու երկրների միջև քաղաքական խնդիրների լուծումը: «Առեւտուրը և լավ բիզնեսը, անշուշտ, խթանում են նաեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը: Որքան շատ լինեն կապերը երկու երկրների միջեւ, այնքան կառավարություններն ավելի հեշտ կգնան երկխոսության», – նշեց Սոյակը:

Անդրադառնալով սևծովյան տնտեսական համագործակցությանը՝ Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի համանախագահը նշեց, որ այն շատ կարևոր ինստիտուտ է: Կանաչ էներգիայի մասին էլ խոսելով՝ Սոյակն ընդգծեց, որ այն արդյունավետ չի օգտագործվում մեր երկրների և էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստն անցկացվեց մայիսի 17-ին: Խորհրդի անդամներից նիստին չէին ներկայացել Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Սերբիան և Վրաստանը:

Տեսանյութեր

Լրահոս