Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց Վալերի Օսիպյանին. վերջինս այսօր անուններ է հրապարակելու
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլին տեղի ունեցած դեպքերին, երբ անհայտ անձանց հարձակումների հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել:
«Ես ակնկալում եմ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ պետք է նաև փոխհատուցում հատկացվի տուժածներին, պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել այդ դեպքերը:
Ն.Փաշինյանը նշեց, որ մի տարօրինակ վիճակագրության է հանդիպել, երբ քաղաքական շարժման պրոցեսում ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, տեսագրությունը համացանցում տարածված է, բայց պարզվում է, որ գործ է հարուցվել ու կարճվել:
Ըստ նրա` այս գործելակերպին պետք է վերջ տալ, որպեսզի արտոնյալ մարդկանց հանդիպելով, քրեական գործերը չկարճվեն:
Դիմելով ոստիկանապետին` վարչապետը նշեց, որ այդ պրակտիկային պետք է վերջ տալ, այդ մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ գնում ենք այդ ճանապարհով.
«Այսօր այդպիսի հստակ ուղերձներ, ցավոք, դեռևս չկան»:
Ն.Փաշինյանը նշեց, որ կարճման որոշումը պետք է ստուգվի, որովհետև, ըստ մամուլի հրապարակումների, այն օրենքի հետ կապ չունի:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ մի քանի օր առաջ «Սիթիի» մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, որոնք հանդես էին գալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:
Ն.Փաշինյանը նշեց, որ բռնության դեպքերը պետք է բացառվեն և բոլոր դեպքերը պետք է մինչև վերջ քննության արժանան. «Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն` տվյալ դեպքում դա բացարձակ կապ չունի` քաղաքական որ թիմից է, որ կուսակցությունից է»:
Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն և եթե այդ խնդիրը լուծվել է մթնոլորտի առումով, պետք է նաև գործնականում լուծվի այն:
Վարչապետը ոստիկանապետին հանձնարարեց շատ արագ լուծել խնդիրը:
Վալերի Օսիպյանը զեկուցեց, որ բոլոր գործերով ստուգումներ են իրականացվում, անձնանց ինքնությունը պարզելու համար կատարվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ և առաջին անձանց անունները այսօր, ըստ ամենյանի, կհրապարակվեն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ իր համար ևս շատ տարօրինակ է այդ գործի կարճումը, քանի որ ինքն էլ է ներկա եղել դեպքի վայրում և կոչ արեց իրեն որպես ականատես վկա ներգրավել գործում: