
«Որոշիչը ոչ թե Նիկոլի տաղանդն էր, այլ՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր». Հոգեբան

«Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ չկարողացա գտնել մի էպիզոդ, որտեղ փակ դիրքեր են, այսինքն՝ ձեռքերն իրար վրա են դրված. փակ դիրքի դեպքում՝ մարդը ենթագիտակցաբար սկսում է սուտ ասել, իր ասածին չի հավատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հոգեբանի դիտարկմամբ՝ Ն. Փաշինյանը գտնվում է կյանքի բավականին ճգնաժամային փուլում. «37-42 տարեկանը խիստ ճգնաժամային փուլ է, կյանքի կեսի ճգնաժամ է կոչվում: Այս ճգնաժամին բնորոշ է ուժեղ դեստրուկտիվությունը, ագրեսիվությունը: Հատկապես 37 տարեկանի շրջանում մասսայական մահեր կարելի է հանդիպել տղամարդկանց շրջանում: Այդ դեստրուկտիվիզմի միտումներից ինքը պետք է զգույշ լինի: Այդ միտումները մարդու մեջ առաջանում են, քանի որ առաջին անգամ ի հայտ է գալիս մահվան բնազդը»:
Ս. Խուդոյանն արձանագրել է Ն. Փաշինյանի երկու շատ կարևոր հատկանիշ, որոնք, ըստ հոգեբանի, քաղաքական լիդերի և պետական այրի համար շատ դրական կարող են լինել. «Առաջինն արդարամտության բարձր տոկոսն է իր մեջ: Դա յուրահատուկ բնածին զգացողություն է, որ այդ մարդու մոտ ես նկատում եմ: Մյուս կարևոր գիծը հայրենասիրությունն է: Դեմոնստրատիվ է, տպավորություն թողնելու վրա աշխատում է, բայց դա լավ է, մարդկանց վրա ազդում է: Իհարկե, բուն հռետորական տաղանդը ես բարձր չէի գտնահատի, ամեն դեպքում հիմնավոր, հումորով, խառը, հաճելի, գրավիչ ելույթներ է ունենում»:
Հոգեբանը գտնում է՝ հայաստանյան իրադարձությունների արդյունքում Հայաստանի իմիջը խիստ բարձրացավ. «Դա հանրային գիտակցության հեղափոխություն էր»: Ըստ հոգեբանի՝ հեղափոխության ամենակարևոր պահն այն էր, որ անընդհատ քայլում էին. «Իմ կարծիքով՝ որոշիչը ոչ թե Նիկոլի տաղանդն էր, այլ՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր: Ես նախկինում ասել եմ՝ մի քանի միլիարդ դոլար փող տվեք, տեսեք՝ ոնց է «Ելքն» այստեղ հեղափոխություն անում: Փաստորեն, 8000 դոլարով են արել այդ ամենը»: