
Հռոմի պապը խիստ անհանգստացած է Մերձավոր Արևելքի իրադրության սրումից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ անհանգստացած է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումից՝ կապված Մերձավոր Արեւելքում «բռնության նոր ալիքի» ծավալման հետ, նշելով, որ այն երբեք խաղաղություն չի բերի:
«Ես շատ վշտացած եւ մտահոգված եմ Սուրբ հողում եւ Մերձավոր Արեւելքում լարվածության սրման կապակցությամբ, ինչպես նաեւ բռնության նոր ալիքի պատճառով, որը մեզ շարունակաբար հեռացնում է խաղաղության, երկխոսության եւ բանակցությունների ուղուց»,-հայտարարել է քահանայապետը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հանդես գալով համընդհանուր ունկնդրության ընթացքում:
«Ես իմ խորը ցավն եմ հայտնում զոհվածների ու վիրավորների համար եւ աղոթքով ու հոգով փարվում նրանց, ովքեր տառապում են: Կրկնում եմ՝ բռնություն գործադրելը երբեք խաղաղության չի բերի: Պատերազմը պատերազմ է ծնում, բռնությունը բռնություն է ծնում: Հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ վերահաստատել իրենց հանձնառությունները, որպեսզի հաղթեն երկխոսությունը, արդարությունը եւ խաղաղությունը»,-ասել է Ֆրանցիսկոս պապը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: