Բաժիններ՝

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաղթարշավը

2015 թվականին առաջին անգամ հեծանվասպորտի միջազգային մրցաշարում հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Էդգար Ստեփանյանը:

Մինչ այդ Էդգարը մրցանակային տեղ էր զբաղեցրել 2014 թվականի աշխարհի երիտասարդների առաջնությունում՝ նվաճելով բրոնզե մեդալ, ինչպես նաև Աստանայում անցկացվող հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը դարձել էր արծաթե մեդալակիր և արժանացել աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը:

Այժմ Էդգար Ստեփանյանը Միացյալ Նահանգներում է, որտեղ հանդես է գալիս «Velo Pasadena Racing» ակումբում: Էդգարն ԱՄՆ-ում արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել: Առաջինը «Ontario Race Series» մրցաշարում էր, իսկ երկրորդը՝ «Dana Point Grand Prix» մրցաշարում:

Էդգարը հեծանվասպորտով զբաղվում է 2009 թվականից: 168.am-ի հետ զրույցում Էդգարը պատմում է, որ իր ակումբի հետ այժմ ունի 6 ամսվա պայմանագիր:

«Շաբաթական 6 օր մարզվում եմ, պատրաստվում եմ առաջիկա մրցումներին: Այստեղ շատ մրցումների եմ մասնակցում, փորձում եմ հնարավորինս լավ արդյունքներ գրանցել մրցումներում, որ կարողանամ տեղափոխվել պրոֆեսիոնալ ակումբ: Ամեն ինչ ինձնից է կախված»:

«Velo Pasadena Racing» ակումբի հիմնադիրը հայազգի Հրաչ Գևրիկյանն է: Էդգարը պատմում է, որ հրավերը ստացել է հենց Հրաչ Գևրիկյանից, ով խորհրդային տարիներին ճանաչված հեծանվորդ էր:

Ակումբին զուգահեռ՝ Էդգարը չի մոռանում նաև Հայաստանի հավաքականի մասին: Հավաքականի կազմում Էդգարը մասնակցելու է Եվրոպայի և Աշխարհի գավաթի առաջնություններին:

Խոսելով Հայաստանում հեծանվասպորտի զարգացման մասին՝ Էդգար Ստեփանյանը նշում է, որ Հայաստանում կան խոստումնալից պատանիներ:
«Նրանք պետք է միայն շատ մրցումների մասնակցեն և փորձ ձեռք բերեն: Համոզված եմ, որ քրտնաջան մարզվելու դեպքում նրանք կարող են նորից պատմություն կերտել և Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում:

Հեծանվասպորտը բարդ մարզաձև է: Պետք է ամեն օր մարզվել: Պետք է ինքդ քո առաջ նպատակ դնես ու գնաս դրա հետևից:

Մարզաձևն ընտրած պատանիներին խորհուրդ կտամ չբացակայել մարզումներից, հետևել սննդակարգին, պահպանել ռեժիմը, քրտնաջան մարզվել, չհուսահատվել ու պայքարել մինչև վերջ: Այդ դեպքում հաջողության հասնելը շատ մոտ կլինի»,- նշում է Էդգար Ստեփանյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս