Բաժիններ՝

Վարդան Արամյանի կոչը՝ նախկին աշխատակիցներին

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն արձագանքել է «Ժամանակ» թերթի հրապարակմանն այն մասին, թե նա կոչ է արել իր թիմակիցներին հետևել իր օրինակին և ազատման դիմում գրել։

Արամյանը նշել է, որ լուրն աղերս չունի իրականության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Այսօր առավոտյան ընթերցեցի մի լուր 1in.am կայքում, որում ասված էր իբր թե ես կոչ եմ արել իմ թիմակիցներին հետևել իմ օրինակին և ազատման դիմում գրել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի և որպես իմ Հայրենիքի զավակ վստահեցնում եմ, որ արել եմ ճիշտ հակառակը․ մինչև ինձ փոխարինողի նշանակումը շարունակել եմ մեծ նվիրվածությամբ կատարել ֆինանսների նախարարի պարտականությունները՝ նույն լարված ռեժիմով։

Ընդ որում և մինչ այդ և դրանից հետո խնդրել և հորդորել եմ իմ թիմակիցներին, որպեսզի նույն նվիրվածությամբ և ջանասիրությամբ նրանք շարունակեն կատարել իրենց աշխատանքը, առաջ տանեն նախաձեռնած բոլոր նախագծերն ու բարեփոխումները՝ զերծ պահելով մեր երկիրն ավելորդ ցնցումներից: Հեղինակը երևի թե չի պատկերացրել, որ ես շատ լավ հասկանում եմ, որ անկախ որևէ հանգամանքից ֆինանսները պետք է զերծ մնան արկածախնդրությունից։ Ֆինանսական համակարգը երկրի տնտեսության արյունատար անոթներն են, դրանց խափանման պարագայում տնտեսության կաթվածահարությունն անխուսափելի է, որից յուրաքանչյուրս լինում ենք պարտվողի դերում»,-գրել է Վարդան Արամյանը:

Պարոն Արամյանն առիթն օգտագործել ու արդեն հրապարակավ ևս մեկ անգամ իր գործընկերներին ուղղված իմ նախկին խոսքերը վերահաստատել է, որ շարունակեն նույն ջանասիրությամբ և հոգատարությամբ կատարեն իրենց պարտականությունները հանուն Հայաստանի ապագայի։ «Ես մեծ հարգանք ունեմ լրագրողի մասնագիտության նկատմամբ և պատիվ եմ ունեցել ճանաչել շատ-շատերին, որոնք մեծ արհեստավարժությամբ կատարում են իրենց աշխատանքը։

Բայց այս դեպքը չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում՝ ինչ խնդիր են լուծում։ Թերևս լավ կլիներ, որ հեղինակը ներողություն խնդրեր ոչ թե ինձանից, այլ իր գործընկերներից նման վարքագծով լրագրողի պահանջված աշխատանքը նսեմացնելու համար»,-հետգրությամբ նշել է Վարդան Արամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս