«Դա իմ պատասխանը չի, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանինը չի». Վիկտոր Սողոմոնյան

«Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով կայքերում տարածված հրապարակումը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատասխան է հնչեցվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։

Մեր ճշտմանը, որ այդ հրապարակումը չի՞ կարող համարվել Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Բացարձակապես, դա պաշտոնական պատասխան չի։ Գրված է, որ խմբագրության կողմից է։ Ես, ճիշտն ասած, զարմացել եմ, որ ինձ սկսել են զանգել։ Դա իմ պատասխանը չի, առավել ևս՝ Ռ.Քոչարյանինը չի»։

Ըստ նրա՝ 2rd.am-ը Ռ.Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն է։ Վ.Սողոմոնյանի խոսքով՝ եթե իր անունից է պարզաբանում կամ հայտարարություն լինում, ապա լինում է իր ստորագրությունը, կամ նշվում է գրասենյակի կողմից, եթե Ռ.Քոչարյանի կողմից է լինում, դրվում է նրա ստորագրությունը։

«Այլ հարց է, որ ես կարդացել եմ և կիսում եմ ամբողջությամբ։ Դա չէ հարցը։ Բայց դա իմ հայտարարությունը չի»,- ասաց Վ.Սողոմոնյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ ընդունելի է՞, որ 2rd.am-ի խմբագրությունը նման հայտարարությամբ է հանդես եկել, Վ.Սողոմոնյանը հարցով պատասխանեց. «Իրավունք չունի՞։ Ես կարծում եմ, որ ունի։ Եթե մարդն իրավունք ունի ֆեյսբուքյան էջում ինչ ուզի՝ գրի, եթե չեմ սխալվում՝ գրաքննություն չկա, և կարծում եմ, որ 2rd.am-ն էլ իրավունք ունի՝ ինչ ուզենա, գրի։ Եթե պաշտոնական լիներ, բնականաբար, չէր ունենա»։

Թե ի՞նչ է մտածում Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Ռ.Քոչարյանը, Վ.Սողոմոնյանը նշեց, որ այդ հարցը երկրորդ նախագահի հետ չեն քննարկել։

Տեսանյութեր

Լրահոս