Բաժիններ՝

Երևանում երկու երիտասարդ ծանր վնասվածք է ստացել. քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:25-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել Երևանի երկու բնակիչ, նրանցից մեկը՝ ծնված 1993թ.՝ պոլիտրավմա, որովայնի առաջային պատի կտրած վերք ախտորոշմամբ, իսկ 1997թ. ծնված երիտասարդը՝ պոլիտրավմա, որովայնի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), երիտասարդները ճանաչվել են տուժող և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բակունցի 1-ին նրբանցքի բակային հատվածներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, թվով 8 հատ մահակի նմանվող փայտյա և կոտրված ապակու կտորներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս