Հավայիում տարահանում են հայտարարել նոր հրաբխային ճեղքվածքի առաջացման պատճառով
Հավայան կղզիների իշխանությունները հայտնել են ավտոճանապարհներից մեկի մոտ գտնվող բնակավայրի բնակիչների տարահանման մասին՝ Կիլաուեա հրաբխի ժայթքումից հրաբխային ճեղքվածքի առաջացման պատճառով: Այդ մասին հաղորդվում է Հավայիի օկրուգի կառավարության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում: Այս պահին հայտնի է 18 հրաբխային ճեղքվածքների առաջացման մասին:
«Ներկայում գազի եւ լավայի ակտիվ արտանետում է տեղի ունենում»,- նշվում է փաստաթղթում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավայան կղզիների իշխանությունները բնակչության տարահանում են հայտարարել Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ տարահանման մասին կարգադրությունը վերաբերել է շուրջ 10 հազար մարդու: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լավայի հոսքերը ոչնչացրել են առնվազն 30 տուն:
Կիլաուեան, որը գտնվում է Հավայի կղզում (նաեւ հայտնի է որպես Մեծ կղզի), համարում են Երկրի վրա ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: