Իրաքի ընտրություններում շիա արմատականների դաշինքն առաջատարն է 19 նահանգներից վեցում. Al Mayadeen
Արմատական շիա քարոզիչ Մուքթադա աս Սադրի կողմնակիցները, որը գլխավորում է «Աս Սայրուն» ընդդիմադիր դաշինքը, առաջատարն են Իրաքի 19 նահանգներից վեցում: Այս մասին, ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ երկրի 10 տարածաշրջաններում քվեների հաշվարկից հետո:
«Աս Սայրունի» ակտիվիստները, դատելով ըստ նախնական հաշվարկների, Բաղդադում նվաճել են պատգամավորական տեղերի մեծամասնությունը, նրանք քաղաքի փողոցներում տոնում են իրենց հաղթանակը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ առայժմ երկրորդ տեղում է գտնվում «Ֆաթհ» մյուս ընդդիմադիր դաշինքը՝ տրանսպորտի նախկին նախարար եւ շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ազդեցիկ հրամանատար Հադի ալ Ամիրիի գլխավորությամբ, երրորդ տեղում՝ «Օրենքի պետությունն» է, որն առաջնորդում է փոխնախագահ եւ կառավարության նախկին ղեկավար Նուրի ալ Մալիքին:
Չնայած վեց նահանգներում ընդդիմության հաջողությանը, Al-Hadath հեռուստաալիքի կանխատեսմամբ՝ պատգամավորական տեղերի մեծամասնությունը՝ 328-ից 60-ը, բաժին կհասնի «Նասր» դաշինքին՝ գործող վարչապետ Հեյդար ալ Աբադիի գլխավորությամբ: «Սայրունի» եւ «Ֆաթհի» ընդդիմադիրներին հեռուստաալիքը հատկացնում է համապատասխանաբար 51 եւ 39 տեղ, «Օրենքի պետություն» կոալիցիային՝ 23 տեղ:
Սուննիների տարածաշրջաններում, դատելով ըստ քվեների նախնական հաշվարկի, առաջատարներն են «Քարար ալ Իրաք» եւ «Ալ Վաթանիա» դաշինքները՝ փոխնախագահներ Ուսամա ան Նուջեյֆիի եւ Այադ Ալաուիի գլխավորությամբ: Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 12-ին երկրի 18 նահանգներում: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 44,5 տոկոսը: Իշխանության օրենսդիր մարմնի տեղերին հավակնում էին 320 կուսակցությունների, քաղաքական դաշինքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անկախ թեկնածուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: