Գնաճը՝ հունվար-ապրիլին
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար։
Եվ այսպես, 12-ամսյա գնաճը (2018-ի ապրիլը՝ 2017 թվականի ապրիլի համեմատ) կազմել է 2.4%: Իսկ ժամանակահատվածի կտրվածքով՝ 2018թ. հունվար-ապրիլը՝ 2017-ի նույն ժամանակահատվածի հետ, սպառողական գների ինդեքսն աճել է 3.1%-ով։
Սակայն ամսական կտրվածքով՝ ապրիլը մարտի համեմատ, արձանագրվել է 0.3% գնանկում։
12 խոշորացված ապրանքային խմբերից 4-ի գծով մարտի համեմատ գները նվազել են, 2-ի գծով մնացել անփոփոխ, 6-ի գծով՝ աճել։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 1.2%-ով։ Սպառողական գների ինդեքսի նվազումը պայմանավորված է գլխավորապես այս ապրանքախմբով, որը ՍԳԻ-ի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի։
Հանգստի և մշակույթի ծառայությունների գները ապրիլին՝ մարտի համեմատ, նվազել են 1.5%-ով։
Կապի ծառայություններն էժանացել են 0.1%-ով։ Նույն չափով՝ 0.1%-ով, գնանկում է գրանցվել նաև «Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ » ապրանքախմբի գծով։
Առողջապահության և կրթության ոլորտներում գները մնացել են անփոփոխ։
Իսկ ամենից շատ թանկացել են հագուստն ու կոշիկը։ Այս ապրանքախմբում ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 2.5% գնաճ։