Ի՞նչ է խոստացել Արարատ Միրզոյանը Գարեգին Չուգասզյանին Նուբարաշենի ՔԿ-ում

«Ես ակնկալում եմ, որ ամսի 16-21-ը լինելու է Սէֆիլյանի և ընկերների վերաքննիչ վարույթը, այդ ընթացքում այդ խեղկատակությանը պետք է վերջ տրվի, առնվազն իրենց խափանման միջոցը պետք է փոխվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հացադուլի մեջ գտնվող, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» դատավարությունները հետաձգվում են կամայականորեն. «Ինչո՞ւ է Կարո Եղնուկյանը նստած էսքան ժամանակ, մնացածի հետ հարցեր ունեք, հասկանալի է, այդ դատական պրոցեսը պետք է շարունակվի, բայց Կարոն ի՞նչ կապ ունի»:

Խոսելով «Սասնա ծռերի» մասին՝ Գ. Չուգասզյանը հիշեցրեց, որ մինչև 2016 թվականի ապրիլ ամիսը՝ նրանց ակցիաների ընթացքում, հենց իրենց նկատմամբ են բռնություններ եղել, որոնց իրենք չեն պատասխանել:

Նա հիշեցրեց Բերձորի, Գյումրու դեպքերը, երբ իրենց անդամների վրա հարձակումներ էին եղել. «Բերձորում Պավլիկի վրա հարձակվել էին: Նա ոչ միայն Արցախյան պատերազմի մասնակից է, նա դեսանտային զորքերի բարձր կարգի մարտիկ է, որի զենքն իր ձեռքերն են, նա կարող էր իր վրա հարձակվողներին ջարդուխուրդ անել այնպես, որ նրանք երկար տարիներ էդ վիճակից դուրս չգային, բայց մարդը մի հատ պաշտպանություն չի արել, այսինքն՝ եթե օրինակ եք ուզում՝ ինչպես պետք է բռնությանը բռնությամբ չպատասխանել, դա Պավլիկն է եղել: Էդ մարդուն մենք համարում ենք այսօր հանցագո՞րծ, թողեք էդ մարդը դուրս գա, դատական պրոցեսը գնա»:

Գ. Չուգասզյանը նաև ասաց, որ նոր իշխանության կողմից իրեն հավաստիացումներ են տրվել, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Հարցին, թե ի՞նչ հավաստիացումների մասին է խոսքը, Գ. Չուգասզյանն այսպես պատասխանեց.

«Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը եկել էր Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, մենք բավականին երկար զրույց ունեցանք, դրանից հետո նրանք հստակ ասացին, որ այդ գործընթացը տեղի է ունենալու: Մյուս կողմից՝ դուք բոլորդ լսել եք նաև Նիկոլ Փաշինյանին և մյուսներին: Կլինեն, մենք սպասում ենք և հույսով ենք»:

Տեսանյութեր

Լրահոս