«Ինձ վստահեցվել է նոր իշխանության կողմից, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պրոցեսը շարունակություն է ունենալու հենց առաջիկա օրերին». Գարեգին Չուգասզյան
«Այն, ինչ Հայաստանում տեղի է ունեցել, պատմական իրադարձություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հացադուլի մեջ գտնվող, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Նրա խոսքով՝ բոլորից է կախված լինելու, թե ինչքանով կհաջողվի Հայաստանին՝ մոդելային երկիր դառնալ հարևան երկրների համար: Նա ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանը»՝ որպես քաղաքական ուժ, գտնում է, որ այս փուլում իրենց դերը պետք է լինի ամեն կերպ աջակցել այս հեղափոխությանը.
«Այս փուլում մենք մեզ դիտարկում ենք՝ որպես դաշնակից: Սա ոչ միայն խոսքի մակարդակում է, այլև՝ գործով ապացուցվելու են: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք քաղաքական պայքար մղելու պատճառով այս կամ այն կերպ հայտնվել են բանտում, իրենք պետք է ազատ արձակվեն, ու այդ պրոցեսն արդեն սկսվել է Անդրիաս Ղուկասյանի ազատումով, և ինձ վստահեցվել է նոր իշխանության կողմից, որ այդ պրոցեսը շարունակություն է ունենալու հենց առաջիկա օրերին: Նշանակում է՝ իմ հացադուլի առաջին պահանջը կատարելը, որը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, սկսվել է: Մենք սպասում ենք առաջիկա շաբաթներում, որ կլինեն այլ ազատումներ տարբեր գործիքների օգտագործումով, ու մենք այդ բոլորին ակտիվորեն մասնակցելու ենք»:
Հարցին՝ քաղբանտարկյալներն ովքե՞ր են, Գ. Չուգասզյանն այսպես պատասխանեց. «Քաղբանտարկյալները ես չասեմ, որովհետև դուք գիտեք քաղաքական մասնակցության համար դատապարտված մարդկանց»:
Լրագրողի ճշտող հարցին՝ «Սասնա ծռերը» նո՞ւյնպես քաղբանտարկյալ են, Գ. Չուգասզյանն այսպես պատասխանեց. «Անցումային արդարադատության սկզբունքներով իրավական լուծումները միայն չեն գործելու, այլ գործելու են քաղաքաիրավական լուծումներ: Դա նշանակում է, որ այդ լայն հասկացողությունը կարող է ներառել ապստամբներից մինչև քաղաքական գործունեության տարբեր տեսակների համար դատապարտված մարդիկ»:
Հարցին՝ դա վերաբերո՞ւմ է նաև «Սասնա ծռերի» այն անդամներին, որոնց վրա կա սպանության հետ կապված քրեական գործեր, Գ. Չուգասզյանն այսպես պատասխանեց. «Երբ դուք «մարդասպանություն» բառն օգտագործում եք, դա պետք է ապացուցվի, եթե զոհ ասեիք, ես ձեզ հետ կհամաձայնեի: Դրա համար պետք է իրավական համակարգը աշխատի, որ ապացուցի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: