Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել երկրի օդային տարածքը
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին հանձնարարել է երկրի օդային տարածքը բացել եւ վերսկսել օդանավակայանների աշխատանքը, որը դադարեցվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հատուկ հայտարարության մեջ:
«Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել օդային տարածքն ու վերականգնել Իրաքի օդանավակայանների աշխատանքը», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ այսուհետ երկրի բոլոր ուղղություններով օդային ծառայությունը վերսկսվում է:
Ավելի վաղ Ալ Աբադին հանձնարարել էր վերացնել երկրում խորհրդարանական ընտրությունների նախօրեին տրանսպորտի շարժման հետ կապված սահմանափակումները:
Որոշումը կայացվել է «անվտանգության ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկողության, ինչպես նաեւ քաղաքացիների տեղաշարժման հարմարավետության եւ ընտրությունների արդյունավետության ապահովման» կապակցությամբ: Մասնակի սահմանափակումները կմնան միայն այն տարածքների համար, որտեղ «սպառնալիք է անվտանգության համար»:
Իրաքում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով 7:00-ին: «Իսլամական պետության» զինյալներից երկիրն ազատելուց ի վեր երկրում ընտրություններ առաջին անգամ է անցկացվում: