Թուրքիան առաջիկա 10-15 տարում Եվրամիության անդամ չի կարող դառնալ

Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ դեռ պատրաստ չէ իր կազմի մեջ ընդունել Թուրքիային։ Ինչպես հայտնի է, վերջինս արդեն մի քանի տասնամյակ ապարդյուն փորձում է ԵՄ անդամ դառնալ։

Եվրոպայի հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ռուսական «Известия» թերթին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Եվրամիությունը պատրաստ չէ առաջիկա 10-15 տարվա ընթացքում Թուրքիային ընդունել իր կազմի մեջ»։

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիան թե տնտեսական ցուցանիշներով, թե ժողովրդավարական արժեքների տեսանկյունից դեռևս չի համապատասխանում ԵՄ չափանիշներին։

«Վիճակը չի փոխվել։ Անկարան առաջիկա 10-15 տարվա ընթացքում ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չի ունենա։ Եվ դրա պատճառը միայն կուտակված քաղաքական խնդիրները չեն։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ առաջիկայում ոչ մի երկիր չի մտնի Եվրամիության կազմի մեջ, քանի որ սկզբունքորեն ընդլայնում չի ծրագրվում»։

Եվրոպական խորհրդարանի՝ ԵՄ–Թուրքիա հարաբերությունների գծով պատասխանատու կոմիտեի անդամ Նադյա Հիրշը ևս հաստատել է այս տեղեկությունը։

«Մենք Թուրքիայի ԵՄ անդամակցությանն ուղղված բաց բանակցություններ ենք վարում, սակայն այդ երկրում շարունակվող արտակարգ դրության ռեժիմը, մարդու իրավունքների ոտնահարումները, մամուլի ազատության սահմանափակումները, իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարումը ցույց են տալիս, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունն այս պահին անհնարին է», նշել է Հիրշը։

Հավելենք, որ Եվրոպայի խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի կողմից ապրիլին կազմված զեկույցում արձանագրվել էր, որ չնայած Թուրքիայի՝ ԵՄ չափանիշներին համապատասխանելու ջանքերին, այդ երկրի վիճակն այսօր ավելի վատ է, քան նախկինում։

Sputmik Turkiye

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031