«ՀՀԿ-ն պետք է խոստանա հանրությանը, որ թեկնածու չառաջադրի ու գնան արտահերթի». «Ժամանակ»
Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո արտահերթ ընտրությունների միակ հնարավորությունն այն է, որ կառավարության ձևավորումից հետո ցանկացած պահի գործող կառավարությունը հրաժարական տա, և գործող քաղաքական ուժերը պայմանավորվեն, որ սահմանված 7-օրյա ժամկետում երկու անգամ անընդմեջ ոչ մի ուժ վարչապետի թեկնածու չառաջադրի, որից հետո Ազգային ժողովը կլուծարվի։ «Տեխնիկական առումով ուրիշ տարբերակ չկա։ Դա է արտահերթ ընտրությունների գնալու միակ հնարավոր ճանապարհը։
Կառավարության ձևավորումից հետո, Փաշինյանը կարող է իր լծակները ամրապնդի, որպեսզի արտահերթ ընտրությունները հնարավոր լինի կազմակերպել առանց կեղծիքների։
Ապա, երբ պատրաստ լինի ամեն ինչ, կառավարությունը կարող է հրաժարական տալ, պայմանավորվեն, որ ոչ ոք վարչապետի թեկնածու չառաջադրի, ու այդպիսով հնարավոր կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Այվազյանը։
Մեր դիտարկմանը, թե որքանով կարող են երաշխիքներ լինել, որ այդ պարագայում ՀՀԿ-ն նորից իր թեկնածուն չի առաջադրի, սահմանադրագետը պատասխանեց.
«Դրա համար էլ ասում եմ, որ պետք է ներքին պայմանավորվածություն լինի, ՀՀԿ-ն հանրության առաջ հայտարարի, որ ինքը թեկնածու չի առաջադրի և միահամուռ գնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ ՀՀԿ-ն պետք է դա խոստանա հանրությանը, որ թեկնածու չառաջադրի ու գնան արտահերթի։ Միակ ճանապարհը սա է»։