Ի՞նչ է սրբությունը, ո՞րն է դրան հասնելու ճանապարհը և ովքե՞ր կարող են սուրբ համարվել
Սրբության մասին հոգևոր ընկալումներն ու պատկերացումները տարբեր են ու բազմաբովանդակ: Ոմանք սուրբ կամ սրբություն ասելիս հասկանում են ինչ-որ գերբնական ուժով օժտված էակների, որոշների պատկերացումները սկսվում և ավարտվում են ՝ ըստ եկեղեցում եղած նկարների քանակի, իսկ մի մասի համար սրբություն է ընտանիքը, ընկերական հարաբերությունները, պատիվը և այդպես շարունակ:
Սրբերի մասին վկայությունների մեծ մասը ժողովրդի միջոցով է փոխանցվել ու հասել մեզ: Միայն հոգևորականները չեն, որ կարող են սուրբ դառնալ: Սուրբ նշանակում է՝ զատված, անջատված: Այն իր ողջ բովանդակությամբ սեր է: Սիրո մեջ հարատևել, սիրո միջոցով հասնել սրբության, հասնել այն նույն սիրուն, որով Աստված սիրեց մեզ:
Աստվածաշնչում ասվում է, որ մեզ կանչողի պես կատարյալ լինենք: Կատարելությունը այս պարագայում նույն սրբությունն է, իսկ դրան հասնելու ճանապարհը բարդ է, երբեմն՝ անհաղթահարելի:
Սրբության հասնելու ճշմարիտ ճանապարհներից է աստվածաճանաչողությունը: Ճանաչելով Աստծուն՝ կճանաչենք և մեզ: Իսկ երբ ճանաչենք ու տեսնենք կատարյալի և «անկատարի» (ում հնարավորություն է տրված հասնել կատարելության) տարբերությունը և ընկալենք այն գաղափարը, որ Աստված մերն է, սեր է ու կատարյալ է՝ կհասկանանք, թե որն է սրբության ճանապարհը: Ահա այստեղ կգտնենք նաև վերջին հարցի պատասխանը՝ ովքե՞ր կարող են սուրբ համարվել: Գուցե հենց դու:
Զարա Ղազարեան
Qahana.am