Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն կձևավորվի. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի, երեքշաբթի կհայտարարվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին:

Այդ կառավարության կազմում կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը, այլ նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել 5 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի պաշտոնների շուրջ: ԲՀԿ-ն ցանկանում է արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության ու սպորտի նախարարությունները:

Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, թե իրենք ակնկալում են կառավարության կազմում ներկայություն 1/3-ի չափով: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ն ավելի մեծ ախորժակ ունի ի հաշիվ ՀՅԴ-ի. հիմնական փաստարկն էլ այն է, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն իրենց, ԱԺ-ում փոքրաթիվ ներկայություն ունի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներին, ապա վերջինիս հետ դեռեւս հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, առաջիկա օրերին կհստակեցվեն այդ հարցերը:

Մինչ այդ նկատենք` երեկ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կառավարության անդրանիկ նիստն անցկացրեց, բայց նախարարական հին կազմով: Ավելի ուշ հայտարարվեց կառավարության նոր անդամների նշանակման մասին, բոլորը՝ ՔՊ կուսակցությունից: Առաջին փոխվարչապետ նշանակվել է արդեն նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը:

Պաշտպանության նախարաի պաշտոնում նշանակվել է ԱԻ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս