Բաժիններ՝

Ի հայտ են բերվել աճուրդների իրականացման չարաշահումների սողանցքներ

2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հիմնարկներին ամրացված տրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ 2017 թվականի հունվարի 31-ին կազմակերպված աճուրդի որոշ մասնակիցներ լոտերի գներն արհեստականորեն բարձրացրել են՝ դրանց համար առաջարկելով անտրամաբանական գներ: Դրանից հետո նրանք հրաժարվել են իրենց առաջարկած գների 3 տոկոսի չափով գումարները վճարելուց, իսկ նշված լոտերի վերաբերյալ աճուրդը նույն օրը՝ ժամեր անց, վերսկսվել է, և դրանք վաճառվել են մեկնարկային գներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված աճուրդում արհեստականորեն բարձր գներ առաջարկած անձանց հետ առնչություն չունեցող մյուս մասնակիցների կողմից լոտերի համար առաջարկվել են դրանց մեկնարկային գներից զգալիորեն բարձր գներ, սակայն աճուրդի որոշ մասնակիցների ոչ իրավաչափ գործողություններից հետո բարեխիղճ մասնակիցները հեռացել են աճուրդի վայրից, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր խմբի համար նշված լոտերը նույն օրը մեկնարկային գներով ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար գործնականում օգտագործվել են հրապարակային սակարկությունների ոլորտը կարգավորող իրավական ակտի բացերը: Մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ օրենսդիր մարմինը լոտը չվաճառվելու, այդ թվում՝ աճուրդում հաղթողի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում նույն լոտի վերաբերյալ աճուրդը վերսկսելու մեկ եղանակ է նախատեսել, այն է՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ աճուրդի ընդհանուր կարգով կազմակերպումը և անցկացումը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգով չի հստակեցվել, թե աճուրդում հաղթող համարված մասնակցի կողմից տեղում, 30 րոպեի ընթացքում, իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումարը չվճարելու պայմաններում աճուրդը մեկնարկային գնից վերսկսվում է նո՞ւյն օրը, թե՞ այն կազմակերպվում և անցկացվում է ընդհանուր կարգով, այսինքն՝ առնվազն տասնհինգ օր առաջ աճուրդի մասին ծանուցումը կրկին հրապարակելուց հետո:

Փաստորեն, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի իրավակարգավորումները չեն նպաստում պետության շահերի պատշաճ ապահովմանը, ինչպես նաև աճուրդի բարեխիղճ մասնակիցների օրինական շահերին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից սույն թվականի մարտ ամսին ՀՀ վարչապետին ներկայացվել են առաջարկություններ՝ քննարկվող ոլորտում չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները՝ իրավական ակտերի անհստակությունները և աճուրդների կազմակերպիչների հայեցողական մոտեցումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգում աճուրդում հաղթողի կողմից առաջարկված գումարը չվճարելու կապակցությամբ աճուրդի վերսկսման և անցկացման միասնական կարգ սահմանել՝ միաժամանակ բացառելով աճուրդի անցկացման և կազմակերպման ընդհանուր կարգի շեղումները:

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի՝ 2018 թվականի ապրիլի 6-ի համապատասխան հրամանով աճուրդի անցկացման կանոնակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ վերոհիշյալ չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս