«Հայ-ռուսական հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումներ». Նիկոլ Փաշինյան
«Իրանը մեր անմիջական հարևանն է, և մենք պլանավորում ենք զարգացնել հարաբերությունները Իրանի հետ։ Եվ այս առումով մենք մտահոգված ենք վերջին զարգացումներով և, կարծում եմ, որ տարաձայնությունների լուծման լավագույն ճանապարհը բանակցություններ են»,- այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առումով կարևոր է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը. «Հույս ունենք, որ այդ համաձայնագիրը ԵՄ երկրներում կվավերացվի հնարավորինս արագ»։
Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ վարչապետի, ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզայի վերացումն է, որի շուրջ բանակցությունները հնարավորինս արագ կսկսվեն։
Անդրադառնալով ՌԴ հարաբերություններին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ երեկ շատ անկեղծ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվել են այդ խոսակցությունը շարունակել մայիսի 14-ին Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում։
Ըստ նրա՝ ինքն արտահայտել է իր դիրքորոշումը, որ հայ-ռուսական ստրատեգիական դաշնակցային հարաբերությունները պետք է զարգանան և խորանան, նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի շրջանակներում. «Իհարկե, մենք պետք է մտածենք, և՛ Ռուսաստանը, կարծում եմ, և՛ Հայաստանը, և՛ բոլոր անդամ երկրները, մեր անդամակցությունն այդ կազմակերպություններին առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ»։
Նա պարզաբանեց, որ առևտրաշրջանառության ծավալները պետք է այնքան մեծանան, որ դա նկատելի և տեսանելի լինեն ՀՀ քաղաքացիների համար՝ տնտեսության ու բերակեցության նոր մակարդակի ձևով։
«Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումներ»,- հավելեց ՀՀ վարչապետը։