Կարո՞ղ է Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույթում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չասաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քաղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերադարձնել Հայաստան»:
Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերադարձի առաջարկներ, պահանջներ: «Ժամանակ»-ը փորձեց հասկանալ, թե իրավական առումով որքանով իրագործելի առաջարկ է:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ նա թաքնվում է քննությունից: «Վաղեմության ժամկետներն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող Քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարի:
Կարծում եմ՝ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Օրենքով սահմանված կարգով վաղեմության ժամկետը հաշվվում է մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից, անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Փաստաբանի խոսքով՝ եթե ամեն դեպքում որոշում կայացվեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասով, ապա նրա հետ գալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ: Սիրադեղյանը կարող է ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմնին, կամ նրան հայտնաբերեն և ներկայացնեն իրավապահ մարմիններին, որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի: «Թե ինչ որոշում կընդունի դատարանը, չգիտեմ, սակայն, ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: