ԱՄՆ-ում Թուրքիային զենքի մատակարարման պայմաններ են առաջադրվել
ԱՄՆ-ի 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը Թուրքիային սպառազինությունների հիմնական տեսակների մատակարարումները կախվածության մեջ է դնում երկու երկրների հարաբերությունների վիճակի վերաբերյալ Պենտագոնի ղեկավարի զեկույցից՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Անկարայի մտադրության հաշվառմամբ:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, վկայում է փաստաթղթի նախագիծը, որը մայիսի 7-ին հրապարակվել է Կոնգրեսի ստորին պալատի պրոֆիլային կոմիտեի կայքում: Սա բյուջեի նախագծի առաջին տարբերակն է, որն այնուհետեւ պետք է անցնի ստորին պալատի զինված ուժերի գործերի կոմիտեով, ստանա ամբողջ ստորին պալատի աջակցությունը, այնուհետեւ ստանա Սենատի պրոֆիլային կոմիտեի եւ ամբողջ Սենատի աջակցությունը: Ընդ որում՝ Սենատը կարող է նաեւ նախաձեռնել պաշտպանական բյուջեի սեփական նախագիծը:
«Պաշտպանության նախարարն իրավունք չունի… Թուրքիայի Հանրապետությանը հիմնական պաշտպանական զենքի մատակարարման որեւէ գործողություն ձեռնարկել, քանի դեռ նախարարը Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին հաշվետվություն չի ներկայացրել «բ» ենթակետի համաձայն»,-ասված է փաստաթղթում: Նշված ենթակետը պահանջում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, խորհրդակցելով արտաքին գործերի նախարարի հետ, բյուջեի ընդունումից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վիճակի վերաբերյալ:
Մասնավորապես, հաշվետվությունը պետք է ներառի «Թուրքիայի կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնման եւ ամերիկա-թուրքական երկկողմ հարաբերությունների համար նման գնման հնարավոր հետեւանքների գնահատականը, ներառյալ Միացյալ Նահանգների սպառազինությունների այլ համակարգերի ու պլատֆորմերի վրա ազդեցության գնահատականը, որոնք շահագործվում են Թուրքիայի հետ համատեղ»:
Այնուհետեւ ասվում է, որ պաշտպանության նախարարը պետք է մատնանշի Ս-400-ի այլընտրական տարբերակները, որպիսիք Թուրքիան կարող է պատվիրել ԱՄՆ-ին կամ ՆԱՏՕ-ի այլ անդամի: ԱՄՆ-ը քանիցս անհանգստություն է հայտնել ռուսական զենիթահրթիռային համալիրներ գնելու Անկարայի պլանների կապակցությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը հայտարարել Է, որ Անկարայի կողմից Ս-400-ի գնումը կարող է բացասաբար ազդել Թուրքիային ամերիկյան F35-երի մատակարարման վրա: Դրան ի պատասխան, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ դրանք փոխկապակցված թեմաներ չեն, եւ հավելել է, որ Ս-400-ի վերաբերյալ ՌԴ-ի հետ համաձայնագիրը «կատարվում է, դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա», եւ Թուրքիան ակնկալում է, որ դրանց մատակարարումը կսկսվի 2019 թվականի հուլիսին: