«Առանց բացառության՝ բոլոր բլոկներում փոփոխություններ պետք է լինեն». Ստեփան Գրիգորյան

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին, համարում եմ սա լրջագույն քայլ դեպի փոփոխություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելու մասին:

Նրա խոսքով՝ Ն. Փաշինյանն այսօր վայելում է լրջագույն վստահություն ժողովրդի մոտ. «Այսօր ես հրապարակում եղել եմ, տրամադրությունները տեսել եմ, ֆանտաստիկ էր դա, ինքն ունի ժողովրդից ստացած մանդատ: Երբ մարդը նման վստահություն ունի, հանգիստ պետք է ձևավորի՝ իրենց սկզբունքները որոնք պետք է լինեն, կադրերը որոնք պետք է լինեն: Այստեղ շատ կարևոր է այն, որ իրեն մանդատ է տրված»:

Ս. Գրիգորյանը կառավարության ձևավորման հարցում կարևորեց այն, որ մարդը հեղինակություն ունենա ժողովրդի մեջ. «Այս 30 տարվա ընթացքում բոլորը հասկացան՝ ով է ազնիվ, ով՝ խելոք: Այստեղ շատ կարևոր է, որ այդ սկզբունքը լինի առաջնային, որին պետք է գումարվեն նաև պրոֆեսիոնալ հատկանիշները: Շատ վտանգավոր է այս երկու բաղադրիչից առաջինը հանելը: Օրինակ, հիմա շատ մարդիկ կան, որ ասում են՝ պրոֆեսիոնալների պետք է ընտրեն: Ես հիմա ձեզ կասեմ ՀՀ-ի ամենապրոֆեսիոնալ իրավաբանների անունները. այն մարդիկ, ովքեր գրեցին անցած տարվա Ընտրական օրենսգիրքը: Ավելի բարձր պրոֆեսիոնալ իրավաբաններ չկան, բայց ուզո՞ւմ եք՝ նրանք լինեն նախարարներ: Ուրեմն՝ այդ կադրայինի մեջ միակ բաղադրիչը չպետք է լինի պրոֆեսիոնալիզմը: Նրանք պետք է լինեն ազնիվ, ժողովրդի կողմից ճանաչված մարդիկ»:

Հարցին՝ ո՞ր բլոկներում կադրերի փոփոխության անհրաժեշտություն կա, Ս. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Առանց բացառության՝ բոլոր բլոկներում, քանի որ բոլոր բլոկներում լցված են ՀՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք ձախողեցին, բերեցին նրան, որ Հայաստանն իրոք կատաստրոֆիկ ծանր տնտեսական վիճակում է գտնվում: Ուրեմն՝ բոլորն առանց բացառության՝ պետք է դուրս գան, այդ թվում նաև՝ դիվանագիտական ոլորտից»:

Մեր դիտարկմանը, թե Ն. Փաշինյանն ասում է՝ կադրային ջարդ չի լինելու՝ Ս. Գրիգորյանը հորդորեց այդ հարցը տալ Ն. Փաշինյանին. «Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել, ես իմ սկզբունքների մասին ասացի»:

Մենք Ս. Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա Ն. Փաշինյանի թիմում տեսնո՞ւմ է այն կադրերին, որոնք կարող են փոխարինել այսօրվա կառավարության անդամներին: Ի պատասխան՝ նա  ասաց. «Այդ սկզբունքի մասին պետք է խոսեք Ն. Փաշինյանի հետ, թե ինքը հիմնվում է միայն իր թիմի՞ վրա, թե՞ ավելի լայն կոալիցիա է լինելու: Բայց այն թիմը, որը պայքարեց, ակնհայտ է, որ կարող է նաև կառավարել, ես կասկած չունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս