
Միջուկային զենքից ԿԺԴՀ-ի հրաժարումը հնարավոր է միայն սպառնալիքների վերացումից հետո. Կիմ Չեն Ըն

Միջուկային զենքից ԿԺԴՀ-ի հրաժարումը եւ Կորեական թերակղզու միջուկազերծումը հնարավոր կլինեն այն բանից հետո, երբ «համապատասխան կողմերը» կհրաժարվեն Փհենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից եւ նրա անվտանգության սպառնալիքներից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած բանակցությունների ընթացքում:
«Հենց որ համապատասխան կողմերը հրաժարվեն թշնամական քաղաքականությունից եւ անվտանգության սպառնալիքներից, ԿԺԴՀ-ն համար անհրաժեշտություն չի լինի միջուկային զենք ունենալ, եւ Կորեական թերակղզու միջուկազերծումը հնարավոր կդառնա»,-Կիմ Չեն Ընի խոսքը մեջբերված է «Սինհուա» գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացվել է, մայիսի 7-8-ին Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԿԺԴՀ-ի Պետական խորհրդի նախագահ, Կորեայի աշխատանքային կուսակցության նախագահ Կիմ Չեն Ընը բանակցություններ են անցկացրել չինական Դալյան քաղաքում: