«Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի և Մեդվեդևի շնորհավորանքն էր». Տարասով

«Եթե ՀՀ նոր կառավարությունն իրեն դրականորեն չդրսևորի, ՀՀ-ն կարող է կրկին հայտնվել սահմանադրական ճգնաժամի մեջ»,- քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր-խմբագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց կողմ՝ 59, դեմ՝ 42 ձայների հարաբերակցությամբ: ՀՀ վարչապետին շնորհավորած առաջին ղեկավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր, ով շնորհավորական հեռագիր է ուղարկել Փաշինյանին:

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,- ընդգծել է Պուտինը հեռագրում: ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը նույնպես Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ նորընտիր վարչապետի առջև մի շարք խնդիրներ են ծառացած: Ըստ նրա, չափազանց կարևոր է, որպեսզի Փաշինյանը կարողանա վերջնականապես լուծել ներքաղաքական ճգնաժամը: Ըստ Տարասովի, թեև Կառավարությունը ժամանակավոր է լինելու, նա պետք է ձևավորի գրագետ Կառավարություն,  որից հետո խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու:

«Դեռ պետք է տեսնենք, թե ինչպիսի Կառավարություն է ձևավորում Փաշինյանը, քանի որ չենք ճանաչում` ովքեր են նրա թիմի անդամները, ինչ ազգանուններ են հայտնվում Կառավարությունում, այսինքն` ազգանունները կարևոր չեն, կարևոր են, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացնեն նրա թիմի ներկայացուցիչները: Մի բան է՝ ասել, թե ինչպիսին են պատկերացումները Կառավարության աշխատանքի վերաբերյալ, մի բան է՝ սկսել դրանք իրականացնել:

Ժամանակավոր վարչապետության ընթացքում Կառավարությունն իրեն պետք է  դրսևորի դրական առումով, հակառակ դեպքում ՀՀ-ն կարող է սահմանադրական ճգնաժամի մեջ ընկնել, կարող է ուժերի հարաբերակցություն փոխվել, որի ճնշման տակ այս անգամ էլ կարող է Փաշինյանը հրաժարական տալ:

Սա չպետք է բացառել: Ուստի պետք է խնդիրները լուծվեն նման սցենարները բացառելու նպատակով: Պետք է հասկանալ, որ սա չափազանց պատասխանատու փուլ է, լուրջ որոշումներ պետք է կայացվեն թե ներքին, թե արտաքին` Ղարաբաղյան ճակատում, Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»,- նշեց Տարասովը՝ հավելելով, որ նոր Կառավարությանը մեծ աշխատանք է սպասվում, որը հեշտ չի լինելու ամենայն հավանականությամբ: Նրա դիտարկումների համաձայն, մի բան է՝ լինել լավ հեղափոխական, մեկ այլ բան՝ լինել պետական կառավարման ոլորտում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներին Փաշինյանի վարչապետության օրոք` Տարասովն ասաց, որ պետք է տեսնել, թե իսկապես ինչպիսին կլինի Փաշինյանի արտաքին քաղաքականությունը:

«Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի և Մեդվեդևի շնորհավորանքն էր: Դժվար է այս պահին որևէ բան ասել, քանի որ պետական կառավարման պաշտոնում լինել և քաղաքականությունն այդ պաշտոնում իրականացնելը նույնը չէ, ինչ այդ մասին խոսելը: Ես կարող եմ ռուսական կողմից ասել, որ մեզ համար կարևոր է, որպեսզի Հայաստանը մնա վստահելի դաշնակից բոլոր ոլորտներում` անվտանգություն, տնտեսություն, քաղաքականություն և այլն:

Սերժ Ազատիչը վստահելի էր Ռուսաստանի համար, Փաշինյանն իրեն ևս փորձում է դիրքավորել այդ կոնտեքստում, բայց տեսնենք՝ իրականությունն ինչպիսին կլինի: Ամեն դեպքում ես հաջողություն եմ մաղթում նոր Կառավարությանը, հայ ժողովրդին, հուսամ, որ հասարակության այն հատվածների, որոնք ձգտում էին փոփոխության Փաշինյանի միջոցով, սպասելիքները կարդարանան»,- ասաց Տարասովը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս