
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով կդիմի ՍԴ և ՄԻԵԴ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին բանտից ազատ արձակելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է T24 լրատվամիջոցը, այս մասին հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Դանըշ Բեշթաշը:
Նա հայտնել է, որ այս հարցով իրենք արդեն դիմել են բարձրագույն ընտրական հանձնաժողով: «Դեմիրթաշի թեկնածությունը շատ արժեքավոր է: Դա նաև ժողովրդավարական քաղաքականության ապացույցն է»,- ասել է Բեշթաշը՝ նշելով, որ իրենց թեկնածուն պետք է դուրս գա բանտից և նախընտրական քարոզարշավին մասնակից ազատության մեջ: «Ընտրությունները պետք է անցկացվեն արդար ու ազատ պայմաններում»,- ընդգծել է Բեշթաշը:
Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:
Սելահաթթին Դեմիրթաշը մասնակցել էր 2014 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 7 տոկոս ձայն: