«Այսօր ինձ համար մեծ ուրախություն է՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին». Լենա Նազարյան

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ երկրորդ փուլով ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, որն առաջին փուլի ընտրության ժամանակ չընտրվեց, քանի որ Հանրապետական խմբակցությունը դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը: Այժմ Ն. Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների 1/3-րդի ստորագրությամբ, և ՀՀԿ-ն էլ խոստացել է, որ աջակցելու է Ն. Փաշինյանի թեկնածությանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ներկայացրեց Ն. Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Նրա խոսքով՝ Հայաստանն ականատես է լինում ժողովրդական զարթոնքի մի բացառիկ իրադարձության, որը մարդկանց հիշողության մեջ կմնա՝ որպես խաղաղ, սիրո և համերաշխության հեղափոխություն. «Այսօր ինձ համար մեծ ուրախություն է՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնելու համաժողովրդական խաղաղ շարժման առաջնորդ և ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին»:

Լ. Նազարյանը, Ն. Փաշինյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո, դիմեց պատգամավորներին. «Այսօր դուք ունեք վերջին հնարավորությունը՝ դեմ չգնալու ՀՀ ժողովրդին, Հայաստանի և Արցախի պետական շահերին, մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում օգտվել այս բացառիկ հնարավորությունից»:

Տեսանյութեր

Լրահոս