ԵԱՏՄ-ն պատրա՞ստ է ընդունել Փաշինյանին
Դեռևս հայտնի չէ, թե ինչ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ մայիսի 14-ին Սոչիում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` ԵԱՏՄ նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն էին քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը: ՀՀ-ում երկարաձգվող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Հայաստանն այդ նիստին, թեև մասնակցության մակարդակը պարզ է` կառավարման ամուր խորհրդարանական համակարգի դեպքում ԵԱՏՄ խորհրդի աշխատանքներին պետք է ներկա լինի ՀՀ վարչապետը: Սակայն փորձագետները վստահ չեն, որ առաջիկա նիստին Հայաստանը կկարողանա մասնակցել նույնիսկ հնարավոր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:
«168 Ժամի» հետ զրույցում բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասաց, որ ԵԱՏՄ-ում անդամ երկրների սահմանադրությունները ողջ ուժով չեն գործում այն դեպքում, երբ խոսքը ԵԱՏՄ աշխատանքներին է վերաբերում: Ուստի, ըստ նրա, այդ նիստերին սովորաբար մասնակցել են երկրի ղեկավարների մակարդակով, որոնք միմյանց հետ աշխատելու երկարամյա փորձ ունեին, միմյանց նման էին, լավ էին հասկանում, նման երկրներ էին կառուցել և այլն, և այլն: Եվ քանի որ, Կարբալևիչի խոսքով, տարիներ շարունակ հենց այս անձանց ձեռքում էր կենտրոնացած երկրի ողջ իշխանությունը, և նրանք էին մասնակցում, թվում էր, թե Սահմանադրության հրամայականն է:
Այնինչ քաղաքագետը համարում է, որ ԵԱՏՄ ղեկավարների նախկին կազմը, որտեղ նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էր, այն շրջանն է, որում բոլոր ղեկավարներն իրենց վստահ ու հարմար են զգում:
«Կարծում եմ` ԵԱՏՄ ղեկավարները չեն առաջնորդվում սահմանադրությամբ և գուցե չառաջնորդվեն, եթե չցանկանան աշխատել այս կամ այն գործչի հետ: Այդպես եղել է Ղրղըզստանի պարագայում: Որոշել են, որ պետք է աշխատեն նախագահի հետ, աշխատել են նախագահի հետ խորհրդարանական կառավարման համակարգում: Ուստի ասել, որ անպայմանորեն նախատեսվում է աշխատանք վարչապետի հետ, դեռ միանշանակ չէ` գուցե աշխատեն վարչապետի, գուցե` նախագահի հետ: Կարծում եմ` հնարավոր է շեղում Սահմանադրությունից: Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ ԵԱՏՄ ղեկավարները, թեև նրանցից ոմանք, օրինակ` Լուկաշենկոն, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մեղադրելով Սարգսյանի կառավարությանը խնդիրները չլուծելու մեջ, կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հարմարվեն այդ իրողության հետ, եթե Փաշինյանը դառնա վարչապետ, կամ դեռ հարց է՝ կհարմարվե՞ն արդյոք: Կարծում եմ` եթե Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, այս նիստերին Հայաստանի ներկայացվածությունից պարզ կդառնա՝ Փաշինյանն ընդունելի՞ է եվրասիական ղեկավարների համար, թե՞ ոչ, քանի որ միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն հասկանալու իրական վերաբերմունքը: Իմ համոզմամբ, պաշտոնական հայտարարություններն այլ չէին կարող լինել, քանի որ հայաստանյան փողոցներ դուրս էր եկել հասարակության մեծ մասը, դա չէին կարող հաշվի չառնել իրենց պաշտոնական արձագանքներում Հայաստանի եվրասիական գործընկերները»,- ասաց բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը:
Նա նշեց, որ շատ մեծ է հավանականությունը, որ չնայած պաշտոնի արարողակարգային բնույթին, ՀՀ նախագահը սկսի ներկայանալ ԵԱՏՄ նիստերին, ով միջազգային հարթակներում աշխատելու ավելի մեծ փորձ ունի, քան Փաշինյանը: Նրա խոսքով, եթե Փաշինյանն այդ տարբերակին չհամաձայնի, գուցե լուրջ տարաձայնություններ առաջանան: «Բայց կարծում եմ` կարող է համաձայնել»,- ասաց Կարբալևիչը:
Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ դժվար է գուշակել, թե ինչ որոշումներ կկայացվեն Երևանում և Մոսկվայում:
«Կարծում եմ` Հայաստանում նոր իշխանությունները հին իշխանությունների հետ պետք է համաձայնության գան այս հարցի շուրջ, քանի որ նուրբ հարցեր են ի հայտ գալիս: Նոր իշխանությունը չի կարող կտրված լինել նախորդ իշխանություններից և աշխատել ԵԱՏՄ-ում, որը բարդ ավանդույթներ ունեցող կառույց է, և որում լուրջ փորձառություն ունի նախորդ նախագահը:
Գուցե այդ համաձայնությունը կայանա ներկայիս նախագահի և ընտրվելիք վարչապետի միջև: Դժվար է ասել, բայց այս հարցը համատեղ լուծելու կարիք կա, որից ընտրվելիք ոչ մի գործիչ ընդդիմությունից չի կարողանա ըստ հավուր պատշաճի աշխատել ԵԱՏՄ-ում՝ առանց հաշվի առնելու նախորդ փորձը: Թե ինչպիսի տրամադրվածությամբ այս հարցին կվերաբերվեն Հայաստանի ներսում, դժվար է ասել, պետք է փորձեն համատեղ լուծել նման հարցերը»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն:
Ըստ նրա, Հայաստանի եվրասիական գործընկերները ժամանակավոր կաշխատեն նրա հետ, ում կորոշեն Հայաստանի ներսում: Մալաշենկոյի խոսքով, դրա կարիքը կլինի այն դեպքում, երբ վարչապետ դառնա Փաշինյանը, և կարիք լինի, որպեսզի նա որոշակի պատրաստվածություն անցնի մինչ ԵԱՏՄ աշխատանքներին պաշտոնապես միանալը:
«Կարծում եմ` Հայաստանի բոլոր գործընկերների դիրքորոշումը հավասարակշռված է, ուստի սպասել, որ Փաշինյանին չեն ընդունի կամ խնդիրներ կստեղծեն, պետք չէ: Ես կասեմ, որ շատ ավելին կախված է ներհայաստանյան զարգացումներից ու կոնսենսուսից»,- նշեց Մալաշենկոն: Նրա կարծիքով, վարչապետին ժամանակավորապես կարող է փոխարինել նախագահը կամ որևէ այլ գործիչ, որը չի փոխվելու Կառավարության հրաժարականի դեպքում: Հարցին, թե ինչպե՞ս կընդունեն Փաշինյանին ԵԱՏՄ ղեկավարները անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, Ալեքսեյ Մալաշենկոն պատասխանեց, որ նախագահներն ունեն անձնական և պաշտոնական դիրքորոշումներ:
«Այդ անձնական դիրքորոշումները, չեմ կարծում, որ Փաշինյանի կողմն են, քանի որ նրանք բոլորը մեծ ճանապարհ են անցել նախորդ իշխանության հետ, սակայն նրանք պետք է հարցին մոտենան՝ որպես ԵԱՏՄ լիդերներ: Իրականում, թե ինչով կառաջնորդվեն նրանք՝ պարզ կլինի առաջիկայում»,- նկատեց նա:
«168 Ժամ» թերթ
08.05.2018