Գրականության Նոբելյան մրցանակը շնորհող ակադեմիան ընդունել է չորս անդամների պաշտոնաթողությունը
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհող ակադեմիան ընդունել է իր չորս անդամների՝ Լոտա Լոտասի, Կլաս Էսթերգրենի, Սառա Սթրիդսբերգի եւ Կերստին Էկմանի պաշտոնաթողությունը:
Այդ մասին հայտնել է Svenska Dagbladet թերթը: «Առաջիկա օրերին մենք մամուլի տեղեկագիր կթողարկենք նրանց պաշտոնաթողության մասին: Խոսքը վերաբերում է երեք մարդու եւ նրանց հետ նաեւ Կերստին Էկմանին: Նա այնքան երկար ժամանակ չէր մասնակցում Ակադեմիայի աշխատանքին, որ մենք դա բավարար հիմք ենք համարում հեռանալուն համաձայնելու համար»,-հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղարի պաշտոնակատար Անդերս Ուլսոնը: Մոտ ժամանակներս պետք է կայանան նոր ակադեմիկոսների ընտրությունները, ինչն անհրաժեշտ է հաստատության բնականոն աշխատանքի, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկրին ընտրելու համար:
Անցած ամսին Էսթերգրենը, Լոտոսը եւ Սթրիդսբերգը Ակադեմիայի կազմից դուրս գալու դիմում են ներկայացրել, իսկ Էկմանը նման ցանկություն էր հայտնել դեռ մինչ այդ: Շվեդիայի ակադեմիան մայիսի 4-ին որոշել է 2018 թվականի մրցանակի շնորհումը հետաձգել հաջորդ տարի այն բանի կապակցությամբ, որ նրա անդամների թիվը կրճատվել է, եւ որ «ամբողջ աշխարհում թուլացել է վստահությունը» նրա նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: