
Իրեն միլիոնատեր հայտարարած չինուհուն ձերբակալել են 118 երեխա որդեգրելու պատճառով

Չինաստանում ձերբակալել են մասնավոր մանկատան սեփականատիրոջը, որը 118 երեխա է որդեգրել եւ միլիոնավոր յուաններ ծախսել նրանց խնամելու համար: Ինչպես հայտնել է Global Times հրատարակությունը, նրան կասկածում են որբերի միջոցները յուրացնելու մեջ:
Լի Լիցզյուանը սկսել է երեխաներ որդեգրել 1996 թվականից, իսկ Հեբեյի նահանգի Ուան քաղաքում գտնվող «Սիրո գյուղ» մանկատունը նա հիմնել է 2007 թվականին: Տեղական իշխանությունների տվյալներով՝ իրեն միլիոնատեր հայտարարած կինն սկսել է բարեգործների նվիրատվություններն օգտագործել անձնական կարիքների համար. գնել է անշարժ գույք, թանկարժեք ավտոմեքենաներ եւ մեծ գումար է ունեցել բանկի հաշվեհամարին:
Մինչեւ կնոջ ձերբակալումը մանկատանը դաստիարակվում էր 74 երեխա: Կնոջ որդեգրած «որբերից» մի քանիսը ծնողներ են ունեցել: Լիցզյուանը նրանց անուններն օգտագործել է նպաստ ստանալու համար:
Մանկատունը, իշխանությունների խոսքով, փակված է, բոլոր 74 որբերն ապահովված են «պատշաճ խնամքով»: Ոստիկանությունը կասկածում է, որ մանկատանը կարող էին ապրել առեւանգված երեխաներ, ուստի դրա բոլոր բնակիչներից վերցվել են արյան նմուշներ եւ մատնահետքեր, որպեսզի դրանք ստուգվեն կորած երեխաների տվյալների ազգային բազայով: