Բոստոնում բացված ռեստորանում կերակուրը պատրաստում են ռոբոտները
Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) կենտրոնում բացվել է ռեստորան, որտեղ կերակրի պատրաստման գործընթացը մեծամասամբ ռոբոտացված է: Հաստատության հիմնադիրներն այն առաջինն են համարում իր տեսակի մեջ:
Նոր վայրում, որն ստացել է Spyce անվանումը, մատուցում են առավելապես սալաթներ: Ռեստորանի հիմնադիրները, ինչպես հաղորդվում է դրա կայքում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ-ի առավել հեղինակավորներից բուհերից մեկի) չորս նախկին ուսանողներ են:
Հաստատության գլխավոր խոհարարը ֆրանսիացի Դանիել Բուլյուն է: Նրա ղեկավարած ռեստորաններն ավելի վաղ ընդհանուր առմամբ չորս աստղի են արժանացել «Միշլեն» գաստրոնոմիական ուղեցույցում: Spyce-ի շեֆ-խոհարարը ամերիկացի Սեմ Բենսոնն է: Ինչպես ընդգծում են հաստատության հիմնադիրները, Spyce-ը «աշխարհում առաջին ռեստորանն է բարդ կերակրատեսակների պատրաստման ռոբոտացված խոհանոցով»:
«Մենք այս կոնցեպցիան մշակել ենք այն խնդիրը լուծելու հույսով, որին մենք ինքներս էինք բախվում, երբ չէինք կարողանում առողջ եւ համեղ կերակուր գտնել ընդունելի գնով»,-նշում են երիտասարդները:
Կերակրի անմիջական պատրաստման ողջ գործընթացը տեւում է 3 րոպեից ոչ ավելի: Ընդ որում՝ ռեստորանը չի կարելի համարել ամբողջովին ռոբոտացված, անձնակազմը կատարում է մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք առայժմ տեխնիկայի ուժերից վեր են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կերակրի բաղադրիչների պատրաստմանը, կերակրատեսակներին առանձին համեմունքների հավելմանը, տեխնիկայի սպասարկմանը:
Spyce-ում գները, Բոստոնի կամ Նյու Յորքի չափանիշներով, համեմատաբար ցածր են. Մեկ ափսե սովորական սալաթի արժեքն սկսվում է 7,5 դոլարից: Ռեստորանը կարող է տեղավորել մի քանի տասնյակ մարդու: Սրահում կա ինչպես ընդհանուր սեղան, այնպես էլ փոքր սեղաններ երկու հոգու համար:
Հաստատության բացումը կայացել է մայիսի 3-ին: Կերակրի առաջին հարյուր բաժինները մատուցվել են անվճար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: