«Ռոբերտ Քոչարյանն ինձ ասաց, որ, եթե դա անի, ապա ամբողջ հանրապետությունով կախաղան է դնելու». Արամ Գ. Սարգսյան
«Նրանք, ովքեր անօրինական ձևով, գողությամբ հարստություն էին ձևավորել, չեմ կարծում՝ համաձայնեն, որ այդ ամբողջն իրենց ձեռքից գնա։ Զգոնությունը կորցնել չի կարելի, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։
Նա կարծում է, որ միջազգային հանրությունն էլ է զարմացած և հիացած հայկական իրադարձություններով։ Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանից հնչած բացասական հայտարարությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, նաև Ռուսաստանի իր գործընկերների հետ։
Նրա խոսքով՝ միայն հասարակության վրա հենվելով՝ հնարավոր է լուրջ փոփոխություններ իրականացնել: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր անփորձ են և փողոցից գալիս են կառավարման, մեծ վտանգ են ներկայացնում.
«Այստեղ պետք է կարողանալ զուգորդել, բոլոր հանգամանքները հաշվի առնել։ Այսօր Հայաստանն այնպիսի ծայրահեղ վիճակում է, որ ցանկացած սխալ կարող է բերել լրիվ այլ արդյունքի։ Նորից եմ կրկնում, նրանք, ովքեր գոհ են եղել այս ամբողջ 25 տարվա ընթացքում, ոչ մի դեպքում չեն համակերպվելու, որ այստեղ լինի իրական ժողովրդավարություն, իրական արդարություն, նրանք ամեն կերպ կարող են սաբոտաժի գնալ։ Դրա համար շատ լուրջ քայլեր են անհրաժեշտ։
Մենք առաջինն ենք եղել այն ժամանակ, որ Քոչարյանից պահանջում էինք տալ իրավական, քաղաքական և բարոյական գնահատական՝ նախորդ իշխանությունների քաղաքականությանը, որպեսզի նոր եկողն իմանա, որ իրեն նույնն է սպասվում։
Ռոբերտ Քոչարյանը դրան չգնաց, ինձ ասաց, որ, եթե դա անեմ, ապա ամբողջ հանրապետությունով կախաղան եմ դնելու։ Պետք չեն կախաղաններ, պետք է իրավական ճշգրիտ գնահատական։ Սրանից պետք է սկսել, որ բոլորը հասկանան՝ նոր եկող իշխանությունը չի պատրաստվում այդ սխալներն անել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում