Կանխատեսվում է համայնքների սեփական եկամուտների աճ շուրջ 12 %-ով կամ 43,563.1 մլն դրամով
ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը 2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 43,563.1 մլն դրամ, առաջին 4 ամսվա ծրագիրը նախատեսվել է 12,918.0 մլն դրամ, փաստացի հավաքագրվել է 12,511.6 մլն դրամ, կատարողականը` 96.9%: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն աճել է` 19.3 %-ով կամ 2,024.3 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 26.4 %-ով կամ 1,108.8մլն դրամով):
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՏԿԶ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, ներկայացնելով տարածքային կառավարման բնագավառում արձանագրված ձեռքբերումները։ Նա կարևորեց համայնքային սեփական եկամուտների դինամիկ աճի պահպանությանը, նշելով, որ 2018 թվականին կանխատեսվում է սեփական եկամուտների աճ շուրջ 12 %-ով կամ 43,563.1 մլն դրամով:
Անդրադառնալով ՀՀ համայնքներին սուբվենցիայի տրամադրման գործընթացին, Վ. Տերտերյանը տեղեկացրեց, ՀՀ մարզպետարանների և համայնքների կողմից ներկայացված թվով 150 ծրագրային հայտերից հավանության են արժանացել 84-ը:
«Դրանց իրականացման համար ներկայումս ընթանում է մրցութային գործընթացը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:
84 ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 3.35 մլրդ դրամ, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 1,72 մլրդ, մասնավոր հատվածի համաֆինանսավորումը՝ 188 մլն , իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1,45 մլրդ ՀՀ դրամ»,-ասաց ՏԿԶ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը: