Բաժիններ՝

Հայաստանի ֆինանսական հատվածը կայուն է, իսկ բանկերը լավ կապիտալիզացված են

Հայաստանում գրանցված բողոքի զանգվածային շարժման հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով հասարակության շրջանում առաջացել են բազմաթիվ մտավախություններ` կապված երկրի ֆինանսական համակարգի գործունեության կայունության հետ։

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Այս կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը դիմել է քաղաքացիներին և կոչ արել դրսևորել զսպվածություն և չմատնվել խուճապի, քանի որ Հայաստանի ֆինանսական համակարգը արդյունավետ և կայացած է, իսկ բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն։

«Կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում»,- նշվում է ԿԲ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԿԲ–ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար:

ՀՀ–ում ԱՄՀ–ի ներկայացուցչությունում ևս հաստատեցին, որ երկրի ֆինանսական հատվածը բավականին հուսալի է։ «Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է: Մենք տեսնում ենք, որ բանկային ոլորտն ապահովված է բավարար կապիտալով և ունի իրացվելիության նշանակալից բուֆերներ, որի շնորհիվ բանկերն ավելի դիմադրողունակ են դառնում տարբեր ցնցումների նկատմամբ»- «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ–ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան։

Ավելին, նրա խոսքով, ԱՄՀ- ի գնահատումը վկայում է, որ ՀՀ ԿԲ-ի միջազգային պահուստները համարժեք են, իսկ փոխարժեքը մնացել է համեմատաբար կայուն:

«Կարևոր է նշել, որ ՀՀ ԿԲ-ն ինքնուրույն հաստատություն է, որի երկու հիմնական նպատակներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է: ՀՀ ԿԲ-ն վերահսկողության և կարգավորման արդյունավետ գործողություններով հետամուտ է լինում բանկային համակարգի անվտանգության և կայունության ապահովմանը»,- ասաց Ուստյուգովան` հիշեցնելով, որ Հայաստանի բանկային համակարգն ունի տատանողական ժամանակաշրջաններ հաղթահարելու հաջողված փորձառություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս