
Հայաստանում ֆինանսական համակարգի ակտիվների 85.5 տոկոսը բաժին է ընկնում բանկերին

Հայաստանում, 2017-ի տվյալներով, ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում այս հատվածի ակտիվների 85.5 տոկոսը:
ՀՀ կենտրոնական բանկի նախորդ տարվա հաշվետվության համաձայն՝ 2016 թվականին բանկային ակտիվները եղել են 87.2 տոկոս: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների դեպքում 2017-ին 2016-ի համեմատ ակտիվներն ավելացել են կամ մնացել նույնը: Այսպես, վարկային կազմակերպությունների ակտիվները 2017-ին կազմել են 9.3 տոկոս՝ 2016-ի 8.6 տոկոսի համեմատ, ապահովագրական ընկերություններինը՝ 1 տոկոս է եղել՝ նախորդ տարվա համեմատ մնալով անփոփոխ: Ներդրումային ընկերությունների ակտիվները կազմել են 1.3 տոկոս՝ աճը 0.4 տոկոսային կետով է:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվները 2.1 տոկոս են՝ նախորդ տարվա 1.4 տոկոսի համեմատ, այլ ֆինանսական կազմակերպություններինը՝ 0.9 տոկոս:
«2017 թվականին տնտեսական ակտիվության վերականգնման և արտաքին հատվածից ստացվող եկամուտների կայունացման հեռանկարների ներքո ֆինանսական հատվածի մասնակիցները ընդլայնել են ֆինանսական միջնորդության ծավալները: 2017 թվականին ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը և տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել են համապատասխանաբար 91.4 և 49.8 տոկոս»,-ասված է հաշվետվության մեջ:
ՀՀ ԿԲ «Տարեկան հաշվետվություն 2017»-ից