ՀՀ արտաքին առևտուրն ու խոշորագույն առևտրային գործընկերները 2018թ. հունվար-մարտին
2018 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 716.7 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 37.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Այդ թվում՝ արտահանումն աճել է 34.4%-ով և կազմել 597.3 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել 39%-ով և կազմել 1 մլրդ 119.4 մլն դոլար։
Արտաքին առևտրի հաշվեկշիռը 2018 թվականի առաջին եռամսյակում բացասական է՝ -522.1 մլն դոլար (2017 թվականի առաջին եռամսյակում բացասական հաշվեկշիռը 360.8 մլն դոլար էր)։
Ըստ երկրների խմբերի՝ Հայաստան-ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառությունն աճել է 30%-ով և կազմել 485.1 մլն դոլար, իսկ Հայաստանի ԵՄ երկրներ առևտրաշրջանությունն աճել է 46.2%-ով և կազմել 416.2 մլն դոլար։ Այլ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 37.6%-ով՝ կազմելով 777.4 մլն դոլար։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության առաջանցիկ աճի արդյունքում որոշակիորեն փոխվել է նաև արտաքին առևտրի կառուցվածքը. ԵԱՏՄ-ի կշիռը նվազել է, ԵՄ-ինը՝ աճել։
Այսպես, 2017 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ երկրներին բաժին էր ընկնում ՀՀ արտաքին առևտրի 29.9%-ը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 28.3%-ը։
Մինչդեռ ՀՀ- ԵՄ առևտրի կշիռը 22.8%-ից հասել է 24.2%-ի։ Այլ երկրների հետ առևտրի կշիռը գրեթե չի փոխվել և 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության 45.3%-ը։ Իսկ ԱՊՀ այլ երկրներին բաժին է ընկնում արտաքին առևտրի 2.2%-ը։
Ըստ առանձին երկրների՝ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանի Դաշնությունն է՝ 469.7 մլն դոլար կամ ընդհանուր առևտրի 27.4%-ը։
Երկրորդ տեղում Չինաստանն է (162.9 մլն դոլար), որին հաջորդում են Շվեյցարիան (135 մլն դոլար), Գերմանիան (100.3 մլն դոլար) և Բուլղարիան (73.6 մլն դոլար)։
Ստորև բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ 15 խոշորագույն առևտրային գործընկերները։ Ինչպես տեսնում եք, ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը դրական է այս 15 երկրներից միայն 3-ի դեպքում՝ Շվեյցարիայի, ԱՄԷ-ի և Նիդերլանդների գծով։