«Նախարարների ու պաշտոնների մասին խոսելը ժամանակավրեպ է». Մանե Թանդիլյան
Հանրապետական խմբակցության պատգամավորները տեսակետներ են հնչեցնում, որ արտահերթ ընտրություններ չեն կարող ցանկացած ժամանակ անցկացվել, դա պետք է համապատասխանի Սահմանադրությանը, և այլն։ Որոշ վերլուծաբաններ այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար լավագույն և միակ սահմանադրական ուղին համարում են փոքրամասնության կառավարության ձևավորումը, այսինքն՝ խորհրդարանական երեք ուժերը` «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները և Դաշնակցությունը, ձևավորում են կոալիցիա և կազմում կառավարություն՝ մինչև կձևավորվի նոր խորհրդարան` արտահերթ ընտրությունների միջոցով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության ձևավորման մասին խոսելը դեռ վաղ է։
«Փաստացի տեսնում ենք, որ որոշակի հարաբերություններ և խոսակցություններ կան, թե ովքեր կարող են լինել այդ նախարարները, ովքեր ինչ պաշտոններ կարող են զբաղեցնել, բայց, ես կարծում եմ, որ այս պահին այդ մասին խոսելը ժամանակավրեպ է։ Ես կարծում եմ, որ այդ հարցերը պետք է ուղղել վարչապետին՝ հետագայում»,- ասաց Մ.Թանդիլանը։
Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունների համար սահմանադրական մի քանի ուղիներ կան, օրինակ՝ կառավարության ծրագիրը չհաստատվի, նիստեր չգումարվեն 3 ամիս, և այլն. «Կան եղանակներ, սակայն որո՞վ կգնան, այս պահին ասել չեմ կարող»։
«Այն նախնական պլանը, որ կար, պետք է տաներ արտահերթ ընտրությունների, և, ես ենթադրում եմ, որ որևէ բան չի փոխվել Նիկոլ Փաշինյանի այդ մտադրության մեջ»,- ասաց Մ.Թանդիլյանը։
Պատգամավորը հնարավոր սցենար համարեց նաև, որ Հանրապետականը հաստատի վարչապետի ծրագիրը և մնացած հարցերում տեղ չտա արտահերթ ընտրությունների, սակայն այդ հարցը, նրա կարծիքով, պետք է լուծվի բանակցությունների միջոցով.
«Պետք է նաև բանակցվեն պայմանները, որովհետև Ընտրական օրենսգիրքը ևս փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն կա։ Կարծում եմ՝ երկխոսությունը պետք է լինի այդ քայլերի շուրջ»։
Հարցին՝ եթե այնուամենայնիվ ՀՀԿ-ն չհամաձայնի գնալ արտահերթ ընտրությունների և պահպանի քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում, երբ վարչապետը կլինի փոքրամասնության ներկայացուցիչը, ի՞նչ է լինելու, Մ.Թանդիլյանը պատասխանեց.
«Այդ տարբերակը ևս կա, և դա էլ պետք է լուծել երկխոսության միջոցով։ Դա, իհարկե, կդժվարացնի աշխատանքը, քաոտիկ վիճակ կլինի, բայց, կարծում եմ, դա էլ լուծելի է երկխոսության միջոցով միայն»։