Կկարողանա՞ «Արսենալը» դուրս գալ եզրափակիչ. Կարծիքներ
Լոնդոնում ոչ-ոքի խաղալուց հետո Մադրիդի «Ատլետիկոն» եզրափակիչ դուրս գալու հրաշալի հնարավորություն ունի: Սեփական հարկի տակ մադրիդցիներին բավարարում է անգամ 0:0 հաշիվը: Լոնդոնյան ակումբը հիմա ավելի շատ էմոցիոնալ դաշտում է: Թիմից հեռանում է Արսեն Վենգերը, և գավաթը կարող է շնորհակալություն հայտնելու համար հրաշալի նվեր լինել: Բացի այդ, Եվրոպա լիգայում հաղթելը Չեմպիոնների լիգայում խաղալու միակ շանսն է զինագործների համար:
Թիմերն այս խաղին պատրաստվում են ոչ այնքան մարտական կազմերով: Մադրիդյան ակումբի կազմում կբացակայեն միանգամից երեք պաշտպան՝ Խուանֆրանը, Ֆիլիպե Լուիսը և Վրսալկոն: Հիշեցնենք, որ որակազրկված է նաև թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Լոնդոնցիների կազմում բացակայելու է միայն Մուհամեդ Էլ-Նենին: Հարցականի տակ է Դավիթ Օսպինայի, Ալեքս Իվոբիի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը:
168.am-ն այս խաղից առաջ զրուցել է հայ մարզական լրագրողների հետ՝ պարզելու նրանց կարծիքներն «Արսենալի» հաջողության մասին:
Սպարտակ Պետրոսյան. Բուքմեյքերների Ռեյտինգի խմբագիր.
«Լինելով իսպանական ֆուտբոլի մեծ երկրպագու և «Արսենալ» ակումբի մենեջմենթի հակաերկրպագու, այնուամենայնիվ, օբյեկտիվ եմ համարում «Ատլետիկոյին» եզրափակչում տեսնելը։ Սիմեոնեի արդեն մի քանի տարի շարունակ տևող հակաֆուտբոլն այս անգամ նույնպես կհաղթի։ «Արսենալը» չկարողացավ օգտագործել 10 հոգով մնացած մրցակցին հաղթելու բացառիկ հնարավորությունը, և «Վանդա Մետրոպոլիտանայում» խստորեն կպատժվեն դրա համար»։
Արման Աբելյան. Vivaro News.
««Արսենալի» գլխավոր հաղթաթուղթը մեծ շարժառիթն է: Թիմը շատ է ցանկանում տիտղոսով ճանապարհել Արսեն Վենգերին, ու այդ մեծ նպատակամղվածությունը երևաց նաև առաջին խաղում: Բայց «Ատլետիկոն» ժամանակակից ֆուտբոլի ամենաբարդ թիմերից մեկն է: Այն կարող է ամբողջ խաղում նշանակալի ոչ մի գործողությամբ աչքի չընկնել, բայց 5 րոպեում հարցեր լուծել: Պատասխան խաղում ակնկալում եմ, որ «Ատլետիկոն» հենց սկզբից մեծ ճնշում կգործադրի, կփորձի առաջին 15-20 րոպեում գոլ խփել և կխաղա իր սիրելի ֆուտբոլը՝ խորքից ու հակագրոհներով: Սիմեոնեն հիանալի մարզիչ է, «Ատլետիկոն» հրաշալի պաշտպանություն, նաև հարձակման գիծ ունի, 11 ֆուտբոլիստներն իսկապես մեկ թիմի պես են գործում: Պատահական չէ, որ վերջին 4 տարում 2 անգամ ՉԼ եզրափակիչ են հասել: Այնտեղ է նաև աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը՝ Յան Օբլակը: Այդ ամենը հաշվի առնելով՝ «Ատլետիկոն» ֆավորիտ է: «Արսենալը» կարող է հաղթել միայն էմոցիոնալ ֆոնի վրա: Այսպիսի խաղերում շատ բան են որոշում մանրուքներն ու փոքր դետալները, ուստի «Արսենալը» գուցե շանսեր ունենա դեպքերի հաջող դասավորվելու դեպքում»:
Դավիթ Մարտիրոսյան. Ֆուտբոլ+.
««Արսենալ»-«Ատլետիկո» դիմակայության առաջին խաղից տպավորությունները հակասական էին։ Ֆավորիտ համարվում էր «Ատլետիկոն», բայց «Արսենալը» հերթական անգամ ապացուցեց, որ «նվեր» չէ և ոչ մեկի համար։ Զարմանալի էր, թե ինչպես «Զինագործները» հաղթանակի չհասան։ Ամենադժվարն «Արսենալի» մասնակցությամբ խաղերը կանխատեսելն է, որովհետև այս թիմն ունակ է ինչպես՝ բոլորին հաղթելուն, այնպես էլ՝ բոլորին պարտվելուն։ Թեպետև մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է, ով իսկապես գերհզոր մրցակից է, ես այն կարծիքին եմ, որ «Արսենալը» կարող է հաղթահարել իսպանական ակումբի արգելքը։ Մեր բոլորիս ցանկությունը հենց դա է, պատճառը, կարծում եմ, պարզ է՝ Հենրիխ Մխիթարյան։ Ինչպես հայտնի է, Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Արսենալի» գլխավոր մարզչի «հավերժական» թվացող աթոռը, և այն մտքին եմ, որ «Արսենալի» հաղթանակը Եվրոպա լիգայում իսկական հեփի-էնդ կլիներ «Արսենալում» Վենգերի ժամանակաշրջանի համար»։
Միհրան Ալեքսանյան. Sport times.
«Կարծում եմ, որ «Արսենալը» եզրափակիչ դուրս գալու համար պետք է հույսը դնի միայն մրցակցի անփութության կամ սխալների վրա: Այլ կերպ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են լոնդոնցիները հաղթահարել իսպանական ակումբի արգելքը: Վենգերի ֆուտբոլիստները լավ հնարավորություն ունեին առաջին խաղում դրական արդյունք ապահովելու համար, սակայն, ինչպես հաճախ է պատահում «Արսենալի» հետ, ամենապարզ պահին ձախողվեցին: Կարծում եմ՝ խաղը հարուստ չի լինի գոլերով, և «Ատլետիկոն» հաղթելու է նվազագույն հաշվով»:
Էդուարդ Քալանթարյան. Արմենիա TV, ATV.
««Արսենալի» `եզրափակիչ դուրս գալուն չէի հավատում կիսաեզրափակչի վիճակահանությունից հետո: «Արսենալի» ոճի թիմերն իսկական գտածո են «Ատլետիկոյի» համար: Դրա ապացույցն առաջին խաղն էր, երբ մադրիդցիները, ըստ էության, ֆուտբոլ չխաղալով, այն էլ՝ 10 ֆուտբոլիստներով, հասան դրական արդյունքի: «Արսենալի» բաց և հարձակողական խաղը շատ հարմար է Դիեգո Սիմեոնեի թիմին: Մխիթարյանի վերադարձը հաճելի նորություն է: Հուսանք, որ հայ ֆուտբոլիստը կկոտրի ստեղծված ստեղնաշարը և կօգնի լոնդոնցիներին խփել առնվազն 2 գնդակ»:
Սիրարփի Աղաբաբյան