Մանդատս վայր եմ դրել խոստմանս համաձայն. Աղվան Վարդանյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իր խոստման համաձայն որոշել է մանդատը վայր դնել:
Դիտարկմանը, թե պատգամավորը պետք է իր խղճով առաջնորդվի, և մանդատ վայր դնելու պահանջը հակասահմանադրական է, նա արձագանքեց. «Դուք կարծում եք` ես դա չգիտե՞մ: Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի` եթե կուսակցությունս ցանկանա, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս»:
Հարցին` իրեն կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ քննարկում կա՞, Վարդանյանը պատասխանեց. «Կուսակցության ընկերների հետ զրույց կունենաք, ըստ այդմ` դուք տեղեկություն կստանաք»:
Անդրադառնալով հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո ի՞նչ գործունեություն է ծավալելու, Վարդանյանը պատասխանեց. «Ծավալում եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեություն»,- ասաց նա:
Հարցին` չի՞ փոշմանել, որ ժողովրդին դեմ է գնացել, նա պատասխանեց. «Եթե դուք կարդաք իմ ելույթը, այնտեղ ամեն ինչ ասված է` ժողովուրդը նաև ես եմ: Այդքան ասում եք` հայ ժողովուրդ, հայ ժողովուրդ, ժողովուրդը նաև ես եմ»: