«Իմ առաջադրումը կարող ենք կայացած փաստ համարել». Նիկոլ Փաշինյան

«Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և նա վերահաստատեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կաջակցի ժողովրդի թեկնածուին՝ վարչապետ ընտրվելու հարցում»,- իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ այս մասին տեղեկացրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կարևոր է համարում անձնական հանդիպման ժամանակ այդ դիրքորոշման վերահաստատումը։ «Իմ առաջադրումը փաստացի կարող ենք կայացած փաստ համարել։ Մայիսի 8-ին ժամը 12։00-ին ԱԺ-ում անցկացվելու են վարչապետի ընտրություններ, և ես հույս ունեմ, որ նորից ժամը 11։00-ից կհավաքվեք Հանրապետության հրապարակում, կհետևեք ընթացքին, որից հետո կհանդիպենք։ Իհարկե, այս ընթացքում էլ կշարունակենք կապի մեջ լինել, որովհետև քաղաքական իրավիճակի որևէ փոփոխության շատ արագ պետք է արձագանքենք»։

Նա հույս հայտնեց, որ անկախ քաղաքական իրավիճակի լարվածությունից՝ ազգային համերաշխության և միասնության հաստատում կլինի. «ՀՀ-ում ատելության մթնոլորտի էջը փակված է, և կոչ եմ անում չանել որևէ գործողություն, որը կասկածի տակ կդնի այս պնդումը»։

Տեսանյութեր

Լրահոս