Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը ազատ է արձակվել

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած և բերման ենթարկված քաղաքացի Սերդար Ք․-ն պայմանականորեն ազատ է արձակվել։

Միջանկյալ նշենք, որ Ստամբուլի իրավապահ մարմինները հետքաննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքը աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» արտահայտությունը գրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նա դատախազությունում  ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել է, թե որն է եղել իր այդ քայլի պատճառը։ Մասնավորապես  ասել է․

«Ես մի քանի օր առաջ Սուրբ Թագավոր հայկական  եկեղեցու առջև կախել էի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը։ Դրա կողքին դրել էի ծաղիկներ։ Հաջորդ օրը, երբ տեսա պաստառը հեռացվել է, շատ նյարդայնացա։ Ապրիլի 30-ին, չեմ հիշում ժամը քանիսին, եկեղեցու պատին այդ գրությունը թողեցի»։

Վերջինս նաև խոստովանել է, որ հարևանությամբ գտնվող աղբը բերել և լցրել է եկեղեցու դռան դիմաց։

Թեև գործի առնչությամբ հետաքննությունը ընթացքի մեջ է, այնուամենայնիվ, դատախազությունն  ազատ է արձակել վերոնշյալ անձին` պայմանով, որ նա շաբաթվա ընթացքում 2 անգամ ներկայանա ոստիկանական բաժանմունք։

Տեսանյութեր

Լրահոս