Բաժիններ՝

Քննչական կոմիտեն՝ 1-ամյա երեխայի կյանքը խլած վթարի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին:

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թույլ տալով ՃԵԿ խախտում, բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել բետոնե պատնեշին: Վթարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև մանկահասակ երեխա՝ ծնված 2017թ., ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:

Ապրիլի 26-ին մանկահասակ երեխան, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս